ՀՀ ԳԱԱ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

engarmrus

Search

Մենյու

  • Մեր մասին
    • Պատմություն
    • Բաժիններ
    • Գրադարան
  • Տնօրեն
  • Նորություններ
  • Նոր գրքեր
  • Մասնագիտական խորհուրդ
  • Կապ մեզ հետ
  • Հետբուհական կրթություն
  • Արխիվ
  • Գրականագիտական հանդես
Home

Պատմություն

Ինստիտուտի պատմությունը

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հիմնադրվել է 1943 թ.` ԱրմՖԱՆ - ի (Арм. Филиал академии наук) Գրականության և լեզվի ինստիտուտի հիման վրա: 1944 թվականից կրում է Մանուկ Աբեղյանի անունը:

Ինստիտուտի տնօրեններ են եղել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Խորեն Սարգսյանը (1943-1947 թթ .), ակադեմիայի թղթակից անդամ , ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մկրտիչ Մկրյանը (1947-1953 թթ.), բ.գ.դ., ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գուրգեն Հովնանը (1954-1964 թթ .), ակադեմիայի թղթակից անդամ , գիտության վաստակավոր գործիչ Վաչե Նալբանդյանը (1965-1977 թթ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս , գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Ջրբաշյանը (1977-1999 թթ.), բ. գ.դ. Ազատ Եղիազարյանը (1999-2008 թթ.), բ.գ.դ., ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք Իսահակյանը (2008-2015 թթ.): Այժմ տնօրենն է բ. գ.դ. Վարդան Դևրիկյանը (2015 թ.- ից):

Գիտական համագործակցության շրջանակում գիտական համատեղ գործունեության ծրագիր է մշակվել ՌԴ ԳԱ Մաքսիմ Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի հետ :

Ինստիտուտում տպագրվում են «Գրականագիտական հանդես» և «Գրական Սփյուռք» ամենամյա պարբերականները:

Կազմակերպվում են միջազգային և հանրապետական գիտական նստաշրջաններ` նվիրված տարբեր հեղինակների հոբելյաններին , գրականության պատմությանը և գրական կապերին վերաբերող հարցերին:

Տեղի են ունենում երիտասարդ գիտնականների գիտական նստաշրջաններ:

Ինստիտուտում գործում է Հայ գրականության մասնագիտական խորհուրդը, որը գիտական աստիճաններ է շնորհում հայ դասական , հայ նորագույն գրականությունների և բանահյուսության (ֆոլկլոր) գծով:

Այսօր ՀՀ ԳԱԱ Մ . Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմում կան գիտությունների 12 դոկտոր և գիտությունների 36 թեկնածու, գիտության և արվեստի վաստակավոր 3 գործիչներ:

Վերջին հինգ տարիների ընթացքում ինստիտուտը հրատարակել է մոտ 80 անուն գիրք

Ինստիտուտը ունի հետևյալ բաժինները

•Հայ հին և միջնադարյան գրականության բաժին
•Հայ նոր գրականության բաժին
•Նորագույն շրջանի հայ գրականության բաժին
•Սփյուռքահայ գրականության ուսումնասիրման բաժին
•Բնագրագիտության բաժին
•Գրականության տեսության բաժին
•Արտասահմանյան գրականության և համեմատական գրականագիտության բաժին
•«Հայ դասականների կյանքի և գործունեության տարեգրության» խումբ:

Հայ հին և միջնադարյան գրականության բաժին - Մ . Աբեղյանը , լինելով ՀՀ ԳԱԱ հիմնադիր անդամ ակադեմիկոսներից , իր երկհատոր « Հայոց հին գրականության պատմություն» կոթողային աշխատանքով հիմքը դրեց հայ գրականության ակադեմիական ուսումնասիրությունների:

Համապատասխան վերլուծմամբ հրատարակվել են միջնադարյան ձեռագրերով վկայված և ժողովրդական ակունքներ ունեցող տարբեր ժանրերի՝ զրույցներ, խրատներ, պանդխտության երգեր բնագրերը:

Ուսումնասիրվել է միջնադարյան գրականության ժանրային համակարգը, առանձին աշխատանքներ են նվիրվել V-XVIII դդ . պատմագիրների և բանաստեղծների ստեղծագործություններին : Կազմվել են տարբեր հեղինակների երկերի քննական բնագրերը, այդ թվում և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության:

Հայ նոր գրականության բաժին - Ուսումնասիրվում է հայ գրականության պատմության շրջափուլերի պարբերացումը, և հատկապես այն հարցը, թե որն է հայ հին և նոր գրականությունների միջև ընկած սահմանագիծը:

Առանձին աշխատանքներ են նվիրվել հայ դասական հեղինակներին և հայկական կլասիցիզմի ու ռոմանտիզմի պատմությանը, որոնց հիման վրա ստեղծվել է «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակը (խմբ .` ակադ . Ս . Սարինյան ): Ներկայացվել է հայ նոր գրականության ամբողջական պատմությունը իր զարգացման ներքին շրջափուլերով, հեղինակներին նվիրված դիմանկարներով : Այստեղ հայ գրականության պատմության ընթացքը դիտարկվում է համաշխարհային գրականության զարգացման ընդհանուր համատեքստում: Այն 1980 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:

«Հայ քննադատության պատմություն» երկհատորյակը ներկայացնում է նոր շրջանի հայ գրական քննադատական մտքի պատմությունը:

Հայ դասական գրականության ուսումնասիրման բնագավառում կարևոր ձեռքբերումներից է «Հայ վեպի պատմություն» կոլեկտիվ ուսումնասիրությունը:

Հայ գրականության միջազգային կապերի և գրական տարբեր ուղղությունների արտացոլման ուսումնասիրության շրջանակում հատուկ ուշադրություն է հատկացվում այն հարցին, թե հայկական սիմվոլիզմի պատկերային համակարգում ինչ տեղ են գրավում միջնադարյան քրիստոնեական այլաբանական պատկերները : Ցույց է տրվում , որ միջնադարյան կրոնա - եկեղեցական մի շարք պատկերներ նոր մեկնաբանություն և իմաստ են ստացել սիմվոլիստական գրականության մեջ:

Գրականության պատմության ժամանակագրական, փաստական և աղբյուրագիտական հիմքը գրական ընթացքի ժամանակագրությունն է: «Հայ նոր գրականության ժամանակագրություն» /կազմող՝ Ս. Շտիկյան/ գործի երեք հատորներն ընդգրկում են 1801-1875 թթ. հայ գրականության պատմության ժամանակագրությունը :

Տարբեր երկերի ստեղծագործական պատմության և գրողների կենսագրության ամբողջացման համար մեծ կարևորություն ունեն ժամանակակիցների նրանց մասին գրած հուշերը: Առանձին գրքերով լույս են տեսել ժամանակակիցների հուշերը Րաֆֆու, Ղևոնդ Ալիշանի, Միսաք Մեծարենցի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի և մի շարք այլ դասական գրողների մասին:

Նորագույն շրջանի հայ գրականության բաժին – Իրականացվել է երկհատոր «Խորհրդային գրականության տարեգրություն» (1917-1975 թթ .), Ս. Աղաբաբյանի «Խորհրդահայ գրականության պատմություն» դարձյալ երկու հատորով հրատարակությունները, ինչպես նաև առանձին ուսումնասիրություններ են նվիրվել նորագույն շրջանի հայ գրականության հեղինակներին:

Բաժնում ուսումնասիրվում է ազգային ինքնության հիմնախնդիրների արտացոլումը ժամանակակից հայ գրականության մեջ, պատմական թեմաների փոխանցականությունն արդի հայ արձակին, վերլուծվում են գրական ընթացքի ընդհանուր օրինաչափությունները և այժմյան գրաքննադատության հարցադրումները:

Ժամանակակից հայ գրականության ուսումնասիրման շրջանակում վերլուծվում են Անկախության անցումային շրջանի գրականությանը բնորոշ առանձնահատկությունները:

Սփյուռքահայ գրականության բաժին - Սփյուռքահայ գրականության բաժնում ընտրվել է Սփյուռքի գրողների ստեղծագործությունների՝ ըստ տարածաշրջանների ուսումնասիրման մեթոդը այն հարցադրմամբ, թե տվյալ երկրների գրականությունը, մշակույթը և տեղային առանձնահատկությունները ինչպես են ազդել այդ երկրներում ստեղծագործող հայ գրողների վրա: Քննության նման եղանակը կարևորվում է ազգային ինքնության պահպանման և տեղային միջավայրին ինտեգրվելու առավել մեծ ընդգրկում ունեցող հիմնախնդրի շրջանակում:

Սփյուռքի այսօրվա ժողովրդագրական տեղաշարժերի շրջանակում ուսումնասիրվում է նաև այն հարցը, թե մի տարածաշրջանից մյուսը փոխադրված գրողների վրա ինչ ազդեցություն է ունենում նոր միջավայրը: Այնտեղ փոխադրված գրողը որքանով է դառնում նաև այդ միջավայրի կրողը, պահպանելով այն երկրներին բնորոշ հատկանիշները , ուր մինչև այդ ապրել էր:

Առանձին մենագրություններ են նվիրվել Հակոբ Մնձուրուն, Շահան Շահնուրին, Համաստեղին, Հակոբ Օշականին, Զարեհ Որբունուն և մի շարք այլ հեղինակների:

Ուսումնասիրվում են նաև Սփյուռքի օտարալեզու հայ գրողների ստեղծագործությունները:

Հրատարակության է պատրաստվել «Սփյուռքահայ գրականության հանրագիտարանը», որն պարունակում է տեղեկություններ սփյուռքի գրական կազմակերպությունների, մամուլի, հայ և օտարագիր հայ գրողների մասին: Հանրագիտարանը պարունակում է 2000 բառահոդված:

Գրականության տեսության բաժին - Հայ գրականության պատմության համակողմանի ուսումնասիրությունը հիմք ստեղծեց զբաղվելու նաև տեսական և տիպաբանական հիմնահարցերով, որոնց նվիրված մի շարք կոլեկտիվ աշխատանքներ են ստեղծվել : Քննվում են դասական մի շարք երկերի հասարակական ընկալումը ու արժևորումը և հետագա շրջանի գրականության ու հասարակական մտքի վրա թողած ընթացքը:

Քննվում են գրական կերպարին, պատկերին, ոճին, կառուցվածքին, ժանրին, սյուժեին, ֆաբուլային և գրականության տեսության մի շարք այլ հասկացություններին վերաբերվող հարցերը արդի տեսական գրականության առաջ քաշած ըմբռնումների տեսանկյունից, որն իր հերթին մասն է կազմում իրականացվող «Հայ գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում» թեմայի:

Բաժինը զբաղվում է նաև հայկական կլասիցիզմի տեսության, տաղաչափության, ինչպես նաև ժամանակակից հայ գրականության տեսական խնդիրներով:

Արտասահմանյան գրականության և համեմատական գրականագիտության բաժին - Ինստիտուտի կարևոր ուղղություններից է հայ գրականության միջազգային կապերի և գրական փոխառնչությունների վերհանումը: Լույս են տեսել «Հայ գրականության միջազգային կապերը» և « Հայ - ռուսական գրական կապեր» շարքերի հատորները, ինչպես նաև առանձին մենագրություններ են նվիրվել հայ գրականության ` տարբեր երկրների գրականությունների հետ ունեցած կապերին :

Շարունակվում են հետազոտական աշխատանքները հայ և արևմտաեվրոպական գրական - մշակութային առնչությունների վերաբերյալ: Քննվում է հատկապես Հայաստանի հավաքական կերպարի ընկալումը եվրոպական գրականության մեջ:

Ուսումնասիրվում են համաշխարհային գրականության տարբեր հեղինակների և երկերի աղերսներն ու առնչությունները Հայաստանի, հայ ժողովրդի ու հայ գրականության հետ, նաև հայ դասական հեղինակների՝ տարբեր երկրների ժողովուրդների և նրանց գրականության մասին հայտնված կարծիքները և գրական ընդհանրությունները:

Ժամանակի ընթացքում հավաքված գրական - փաստագրական հարուստ նյութերի հիման վրա հետագայում հնարավոր կլինի հրատարակել.

Ա. «Հայ և համաշխարհային գրական կապերի» հանրագիտարան (3 հատորով):

Բ. «Եվրոպական ուղեգրողները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարը.

Գ. «5-17- րդ դարերի հայկական աղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարը. որում առանձին հատորներով կներկայացվ են հայ պատմագրության, ժամանակագրությունների և ուղեգրությունների, աշխարհագրական երկերում, գեղարվեստական արձակում և չափածոյում տարբեր երկրների մասին հայ միջնադարյան հեղինակների գրածները:

Դ. Եվրոպայի հայ գաղթավայրերի բանահյուսությունը.

Բնագրերի հրատարակություն ըստ ձեռագրերի և տպագիր հրատարակությունների և այդ երկրներում իրականացված բանահյուսական գրառումների և տպագրվող բնագրերի պատմահամեմատական քննություն:

Տեքստաբանության բաժին - Գրականության պատմությունը և առանձին հեղինակների ստեղծագործությունների քննությունը անպատկերացնելի է առանց այդ հեղինակների երկերի ամբողջական և ճշգրտված բնագրերի հրատարակության :

Անցնող տասնամյակների ընթացքում լույս են տեսել Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի, Պերճ Պռոշյանի, Մուրացանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի, Լևոն Շանթի երկերի ակադեմիական հրատարակությունները :

Այժմ տպագրության ընթացքի մեջ է Ավետիք Իսահակյանի Երկերի լիակատար գիտական հրատարակությունը՝ 14 հատորով և Նիկոլ Աղբալյանի 8 հատոր երկերի հրատարակությունը:

Հովհ. Թումանյանի ծննդյան 150- ամյակի առիթով իրականացվում է գրողի երկերի 10 հատորով լիակատար ժողովածուի վերախմբագրված վերահրատարակությունը:

Հայ դասականների կյանքի և գործունեության տարեգրության խումբ

Հայ գրողների կյանքին, գործունեությանը և ստեղծագործություններին վերաբերող ողջ փաստական նյութի հիման վրա ըստ ժամանակագրական ընթացքի՝ տարի, ամիս, օր և երբեմն մի քանի օրվա ներքո ըստ տարբեր ժամերի ներկայացվում է գրողի կյանքի և գործունեության ողջ ընթացքը:

Այժմ կազմվում է Հովհաննես Թումանյանի տարեգրությունը: Լույս են տեսել առաջին երկու հատորները, որոնք ընդգրկում են գրողի կյանքը մինչև 1914 թ.: Տպագրության է հանձնված 3- րդ հատորը (1915-1919 թթ.):


Copyright © 2011 ՀՀ ԳԱԱ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ