Սույն թվականի նոյեմբերի 15-ին և 16-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ երտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովը, որ կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը: Նա ասաց, որ այս նախաձեռնության նպատակն է բացահայտել երիտասարդ գրականագետներին, նրանց գիտական կարողությունները, ճանապարհ հարթել արգասավոր գործունեության համար:

Ողջույնի խոսքով ներկայացավ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի փոխտնօրեն Սաթենիկ Ավետիսյանը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ երիտասարդ գիտնականներն իրենց գիտական գործունեության ընթացքում պետք է դրսևորեն աշխատասիրություն, ձևավորեն իրենց ինքնուրույն, սեփական միտքը, ունենան սկզբունքներ ու գաղափարներ:  Փոխտնօրեն Սաթենիկ Ավետիսյանը նկատեց՝ թեև գրական ազդեցություններն անխուսափելի են, սակայն պետք է կարողանալ հաղթահարել դրանք, և, նախորդների փորձը յուրացնելով,  ստեղծել նորը, սեփականը: Նա հույս հայտնեց, որ գիտական այսպիսի միջոցառումների շնորհիվ կունենանք նոր անուններ գրականագիտության դաշտում:

Գրականության ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Սողոյանը երիտասարդ գիտնականներին ասաց, որ ինստիտուտի նախաձեռնությունը լայն հնարավորություն է տալիս նրանց` գիտական հանրույթին ներկայանալու, փորձ ձեռք բերելու, միմյանց ճանաչելու և նոր համագործակցության սկիզբ դնելու համար:

Երիտասարդ գիտնականներին ողջունեց նաև Գրականության ինստիտուտի գիտաշխատող Նառա Սարգսյանը` մաղթելով արդյունավետ աշխատանք:

Գիտաժողովին մասնակցում էին բարձրագույն գիտական հաստատությունների ասպիրանտներ, հայցորդներ և մագիստրոսներ: Զեկուցումները տարաբնույթ էին, հետաքրքիր, նոր մոտեցումներով, արդիական վերլուծություններով:

Զեկուցումների շուրջ ծավալվեց գիտական առողջ քննարկում, ներկայացվեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ:

Գիտաժողովի ծրագիր