Խաչատուր Աբովյան – 175

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1, 2-ին կայացավ ականավոր գրող, գիտնական, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողով` ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, Խ. Աբովյանի տուն-թանգարանի, Հայաստանի գրողների միության համակազմակերպությամբ:

Գիտաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը: Նա նշեց, որ Գրականության ինստիտուտը իր մեծ ավանդն ու ներդրումն է ունեցել աբովյանագիտության զարգացման գործում: Գրականագետ Պիոն Հակոբյանի դստեր՝ Անահիտ Հակոբյանի աշխատասիրությամբ նախատեսվում է հրատարակել Խ. Աբովյանի կյանքի և տարեգրության առաջին հատորը, որ մեկնարկ կլինի նոր ուսումնասիրությունների ու մեկնաբանությունների: Հ. Որսկանյանը արժևորեց Խ. Աբովյանի գրական ժառանգությունը, հասարակական գործունեությունը, նրա բացառիկ դերն ու նշանակությունը ազգային համախմբման, պայքարի, կրթության, հայ գրականության զարգացման մեջ:

 Գիտական նստաշրջանի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։ Նա մասնավորապես նշեց․ «Խ. Աբովյանը, ֆրանսիացի հայագետ Ժան Պիեռ Մահեի բնորոշմամբ, համամարդկային մեծություն է: Նա մեզ տվել է ազգային ծրագիր, որ պետք է ապահովի հայ ժողովրդի հավերժությունը» – ասաց նա։

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Նա արժևորեց գիտաժողովը՝ ճշգրտելով գիտաժողովի խորագիրը՝ «Աբովյանի ոչ թե անհետացման, այլ անմահացման 175-րդ տարելիցը», բարձր գնահատեց նրա հարուստ ու բազմաշերտ ստեղծագործական ժառանգությունը և համոզմունք հայտնեց, որ ներկայացվելիք գիտական ուսումնասիրությունները նորովի կբացահայտեն մեծ գրողին․ «Մեզ բաժին հասած դժվարին ժամանակներում իսկապես մեծ ջանքեր են պետք ազգապահպանության և հայրենասիրության համար։ Եվ այստեղ է, որ կրկին պետք է օգնության գան աբովյանական պատգամներն ու իմաստնությունը: Նա մեր հայ գրականության Արարատն է, և մենք պարտավոր ենք նոր ճանապարհներ հարթել` նրան մոտենալու: Ես համոզված եմ, մեր այս գիտաժողովով  նոր ճանապարհի սկիզբ ենք դնում»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Մատենադարանի տնօրենի խորհրդական, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանը: Նրանք գնահատեցին գիտաժողովի դերն ու նշանակությունը՝ իբրև Խ․ Աբովյանի կյանքի ու գրական ժառանգության նորովի արժևորման սկիզբ։  Փոխտնօրեն Գ․ Գասպարյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Աբովյանի ստեղծագործությունը մշտապես եղել է հայ գրողների և գրականագետների ուշադրության կենտրոնում, դարձել նոր գաղափարների և ազգային գաղափարախոսության ձևավորման կարևոր, հիմնարար աղբյուրներից մեկը»: Նա կարծում է, որ անհրաժեշտ է Խ․ Աբովյանի ժառանգության նոր հրատարակություն պատրաստել` լրացնելով նախորդի տարաբնույթ բացթողումները:

Գիտական նստաշրջանի աշխատանքները շարունակվեցին նոյեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում և նոյեմբերի 2-ին՝ Խաչատուր Աբովյանի տուն – թանգարանում։

Գիտաժողովին մասնակցում էին գիտական տարբեր հաստատությունների՝ ճանաչում ունեցող գիտնականներ՝ գրականագետներ, պատմաբաններ, արվեստագետներ և երիտասարդ հետազոտողներ։ Գիտաժողովում հնչեցված գիտական զեկուցումներն աչքի ընկան բովանդակային բազմազանությամբ` ընդգրկելով Խ․ Աբովյանի գրական ժառանգությանն առնչվող տարաբնույթ հարցեր: Գիտնականները նորովի անդրադարձան Աբովյանի ստեղծագործական ժառանգության արդի հիմնախնդիրներին։

Զեկուցումների շուրջ ծավալվեց գիտական առողջ քննարկում, ներկայացվեցին տարբեր կարծիքներ և տեսակետներ:

Գիտաժողովի ծրագիր