19-րդ դարակեսից գիտական հիմունքների վրա դրված գրականության պատմագրությունը լուրջ ձեռքբերումներ է գրանցում 20-րդ դարում։ 40-ական թվականներին Երևանի նորաբաց պետական համալսարանում դասախոսում էր հայագիտության բացառիկ մի աստղաբույլ՝ Հրաչյա Աճառյան, Մանուկ Աբեղյան, Արսեն Տերտերյան, Մկրտիչ Մկրյան, Գուրգեն Սևակ, Արարատ Ղարիբյան և այլոք: Նրանց, և ոչ միայն նրանց ջանքերով հայագիտական հետազոտությունների ինտելեկտուալ միտքն ընդլայնում էր ուսումնասիրությունների շրջանակը, հրատարակվում են բազմաթիվ մենագրություններ՝ օրախնդիր դարձնելով Ազգային ակադեմիայի, առկա՝ Գրականության և լեզվի ինստիտուտի հարցը:

1943 թվականին կազմակերպվում է Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը, որ նշանավոր հայագետ Մ. Աբեղյանի մահվանից հետո կոչվում է նրա անունով: Ինստիտուտի տնօրեն է նշանակվում Մկրտիչ Մկրյանը: 

Ինստիտուտը տեղակայված էր Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տարածքում և կոչվում էր Գրականության և արվեստի ինստիտուտ: Տարիների ընթացքում ինստիտուտն ընդլայնվում է, մասնագիտանում միայն գրականագիտության ասպարեզում և ստեղծում համապատասխան բաժիններ՝ Հայ հին և միջնադարյան գրականության (1943), Ժողովրդական բանահյուսություն (1943), Սովետահայ գրականության (1947), Տեքստաբանության (1958), Գրական կապերի (1960), Գրականության տեսության (1966):  

Ինստիտուտի ստեղծման տարում՝ 1943-ին բացվում է Հայ նոր գրականության պատմության բաժինը,  որի վարիչ է նշանակվում բանասիրության դոկտոր Աս. Ասատրյանը(1943-1953)։ Հայ նոր գրականության բաժնի աշխատանքներն ուղղվում են հայ դասական գրականության պատմության պարբերացման, զարգացման օրինաչափությունների, գրական ուղղությունների ու  դպրոցների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության, հայ դասականների ստեղծագործության գիտական մեկնաբանության հարցերին։ Խնդիր է դրվում հայ դասական գրականության վերագնահատության, գրականության նոր պատմության. փորձառու  և վաստակաշատ գիտնականների ձեռքով գրվում են գիտական ու մեթոդական  բազմաթիվ աշխատություններ, որոնք ստեղծում են ակադեմիական գրականագիտության հայեցակարգը և ապահովում հայագիտության զարգացման շարունակականությունը: Այս շրջանում Նոր գրականության բաժնի ջանքերով լույս են տեսնում գիտականորեն հիմնավորված ու պատմականորեն ստույգ բազմաթիվ մենագրական ուսումնասիրություններ՝ Սուրեն Շատիկյան, «Ղևոնդ Ալիշանի հայրենասիրական պոեզիան» (1959), Խորեն Սարգսյանի «Նալբանդյանի գրական ստեղծագործությունը» (1959), Ալիս Մանուկյանի «Սմբատ Շահազիզ», /Կյանքը և ստեղծագործական ուղին/, (1959), Գարիկ Հովհաննիսյանի «Նար-Դոս», (1959), «Ավետիք Իսահակյանի արձակը», (1963) գրքերը: Ստ. Թոփչյանը 1963-ին հրատարակում է «Շիրվանզադեի էսթետիկան» ուսումնասիրությունը, 1964-ին իրենց մենագրություններն են ներկայացնում Նշան Մուրադյանը՝ «Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը» և Հակոբ Մարգարյանը, «Տիգրան Կամսարական» և ուրիշներ: Սկզբում Հայ նոր գրականության, ապա տեքստաբանության բաժիններում հետաքրքիր գործունեություն է ծավալում Պ. Հակոբյանը, ով 1955-ին հրատարակում է «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, ապա իրար են հաջորդում մեծ աբովյանագետի կոթողային աշխատությունները` «Խաչատուր Աբովյան- կյանքը, գործը, ժամանակը» (1809-1836)», (1967), 1981 թվականին` Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի վերջնականապես ճշգրտված, բնագրային տարբերակների համեմատությամբ կազմված գիտական հրատարակությունը, որն այլևս համարվում է «Վերքի» գալիք բոլոր հրատարակությունների հիմքն ու ելակետը, «Խաչատուր Աբովյանի կենսագրության առեղծվածները» (1997) և այլ գործեր։ Այս շրջանում կադրային վերադասավորումներ են կատարվում Գրականության ինստիտուտում՝ Ասատուր Ասատրյանը թողնում է Նոր գրականության բաժնի վարիչի պաշտոնը, ինչը կարճ ժամանակ ստանձնում է Գառնիկ Ստեփանյանը(1953-54):

1954-ին Գառնիկ Ստեփանյանը նշանակվում է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն: Իրար հաջորդում են Արտաշես Կարինյանը(1954-55), ապա Արամ Ինճիկյանը: 1958 թվականին Արամ Ինճիկյանը նշանակվում է Տեքստաբանության բաժնի վարիչ, և բաժնի գործունեությունը կարգավորում մինչև իր մահը: Բացառիկ է Արամ Ինճիկյանի դերակատարությունը Գրականության ինստիտուտի Դասական գրականության, ապա Բնագրագիտության բաժիններում։ Բացի թումանյանագիտական արգասավոր գործունեությունից՝ Արամ Ինճիկյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պչոշյանի, Միքայել Նալբանդյանի, Պեշիկթաշլյանի գիտական հրատարակություններին՝ առանձին հատորների համար պատրաստելով բնագրերը՝ համապատասխան ծանոթագրություններով։ 

1958 թվականի դեկտեմբերին Գուրգեն Հովնանի հրամանագրով Հայ նոր գրականության բաժնի վարիչ է նշանակվում Սերգեյ Սարինյանը, 1958 թվականին Արամ Ինճիկյանը նշանակվում է Տեքստաբանության բաժնի վարիչ, և բաժնի գործունեությունը կարգավորում մինչև իր մահը: 1957 թվականին լույս է տեսնում Սերգեյ Սարինյանի «Րաֆֆի» մենագրությունը։ 1957 թվականին Գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը ծրագրում է ստեղծել Հայ նոր գրականության ակադեմիական պատմություն չորս հատորով:

1958 թվականի դեկտեմբերին Գուրգեն Հովնանի հրամանագրով Հայ նոր գրականության բաժնի վարիչ է նշանակվում Սերգեյ Սարինյանը, ով իր մահից՝ 2017թվականի հունիսի 8-ից ամիսներ առաջ է թողնում Հայ նոր գրականության պատմության բաժնի վարիչի պարտականությունները՝ գրեթե 60 տարի անընդմեջ ղեկավարելով ինստիտուտի կարևորագույն օղակներից մեկը։:

Այս շրջանում Հայ նոր գրականության բաժինը՝ Ս. Սարինյանի ղեկավարությամբ ստանձում է «Հայ նոր գրականության պատմություն» 5 հատորների ստեղծման ծանրագույն աշխատանքը։

Առաջին հատորն ընդգրկում է XVIII դարի վերջին քառորդի և XIX դարի առաջին հիսնամյակի գրականության պատմությունը:

Երկրորդ հատոր. XIX դարի 50-60-ական թվականներ:

Երրորդ հատոր.  XIX դարի 70-80-ական թվականներ:

Չորրորդ հատոր. XIX դարի 90-ական թվականներ:

Հինգերորդ հատոր. 1900-1920 թվականներ:

Հատորները լույս են տեսնում Ս. Սարինյանի ընդհանուր խմբագրությամբ, առաջինը՝ 1962 թվականին, երկրորդը` դարձյալ 1962-ին, երրորդը՝ 1964-ին, չորրորդ հատորը՝ 1972-ին և հինգերորդը 1979-ը թվականին:

Հատորի ստեղծման աշխատանքներին մասնակցում են ականավոր գրականագետներ Ա. Ինճիկյանը, Ս. Սարինյանը, Ս. Շտիկյանը, Վ. Թերզիբաշյանը, Գ. Ստեձանյանը, Ա. Մանուկյանը, Հ. Մուրադյանը, Աս. Ասատրյանը, Գ. Հովհաննիսյանը, Կ. Դանիելյանը, Ս. Թոփչյանը, Վլ. Կիրակոսյանը, Ս. Արզումանյանը և ուրիշներ:

Գրականության պատմության հինգհատորյակի ավարտից հետո  Հայ դասական գրականության բաժինը հանձն է առնում ստեղծել «Հայ քննադատության պատմություն»-ը՝ երկու հատորով: Նախ ստեղծվում է քննադատական մտքի մատենագիտություն՝ բիբլիոգրաֆիա, ինչը զարմանք է հարուցում նյութի ահռելի ծավալի և շրջանակի ընդգրկմանիմաստով: Առաջին հատորը լույս է տեսնում 1985-ին, երկրորդը՝ 1998-ին: Այս շրջանում Սուրեն Շտիկյանը հրատարակության է պատրաստում հայ նոր գրականության ժամանակագրությունը: Առաջին հատորը՝ «Հայ նոր գրականության ժամանակագրություն» (1801-1850), լույս է տեսնում 1973 թվականին, երկրորդ հատորը՝ «Հայ նոր գրականության ժամանակագրություն» (1851-65), լույս է տեսնում 1983 թվականին: Գրքի երրորդ հատորը, որ ընդգրկում է 1865-75թթ-ի ժամանակագրությունը, լույս է տեսնում 1991 թվականին:

Հայ նոր գրականության պատմության բաժինը շարունակում է նորանոր ձեռքբերումներ գրանցել՝ մեկը մեկից արժեքավոր ու անփոխարինելի գիտական ուսումնասիրություններ ու մենագրություններ: 1972 թվականին հրատարակվում է Վ. Կիրակոսյանի «Ռուբեն Սևակ: Կյանքը և ստեղծագործությունը» մենագրությունը, 1976-ին տպագրվում է Ս. Սարինյանի «Մուրացան: Տիպաբանությունը: Էտիկան: Պատմության փիլիսոփայությունը» ուսումնասիրությունը: Իրենց գործերն են տպագրում Վաչե Սաֆարյանը՝ «Մկրտիչ Պեշիկթաշլյան: Կյանքը և ստեղծագործությունը», (1972), Կառլեն Դանիելյանը՝ «Հայ գյուղագրությունը XIX դարում (1860-90)», (1973), Ալմաստ Զաքարյանը՝ «XX դարի հայոց բանաստեղծությունը: Ակունքները և զարգացման ուղիները», (1977) և ուրիշներ:

1980-ականների սկզբից Հայ նոր գրականության բաժինը, որ երբևէ ուներ քսաներկու աշխատակից, համալրվում է երիտասարդ կադրերով՝ Գրիգոր Հակոբյան, Արամ Ալեքսանյան, Թադևոս Խաչատրյան, Նելլի Անանյան, Լաուրա Մուրադյան, Ամալյա Ալեքսանյան:  Իրար հաջորդելով լույս են տեսնում գրականության պատմության ու տեսության երիտասարդ մասնագետների ուսումնասիրությունները՝  «Արևմտահայ նորավեպը: / 1880-1910-ական թթ. ժանրի պատմություն և տեսություն/ »(1996), «Թերթոն վեպի տեսությունը» (2002) ուսումնասիրությունները, «Յակոբ Օշական, Գրականութեան համար»1997, Յակոբ Օշական, «Հաճի Ապտուլլահ» (2000), Զապել և Հրանտ Ասատուրներ, «Սիրային նամակներ»`(2001) գրքերը՝ Գրիգոր Հակոբյան, Լաուրա Մուրադյանը՝ «Վրթանես Փափազյանը՝ հայ գրականության պատմաբան ու քննադատ»(1971), «Արփիար Արփիարյան: Կյանքը և ստեղծագործությունը», (1991) մենագրությունները։ Նույն թվականին Նելլի Անանյանը հրատարակում է «Արևմտահայ վիպագրությունը» գիտական ուսումնասիրությունը: Արամ Ալեքսանյանը բաժնում հրատարակության է պատրաստում «Հայ լուսավորական ռեալիզմ», (1980), «Գրիգոր Զոհրապի կենսափիլիսոփայությունը», (1997) աշխատությունները, 2013 թվականին՝ «Հակոբ Պարոնյանի կենսիմաստասիրությունը» գիրքը։ Թադևոս Խաչատրյանի և Ամալյա Ալեքսանյանի  աշխատասիրությամբ 2002 թվականին ծանոթագրություններով լույս է տեսնում «Սիամանթո, Անտիպ երկեր»  ժողովածուն։

Հավաքված և համակարգված հսկայածավալ նյութը հայագետների այս խումբն իրացնում է՝ ստեղծելով «Հայ վեպի պատմություն» ֆունդամենտալ աշխատությունը: Մոտ 600 էջանոց ծանրակշիռ այս ուսումնասիրությունը, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ընդհանուր խմբագրությամբ և պատասխանատու խմբագիր Ս. Մարգարյանի աշխատասիրությամբ լույս է տեսնում 2005 թվականին, ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությամբ: Ս. Սարինյանի գլխավորությամբ 2010-ականներից բաժինը հանձն է առնում ինստիտուտում ծրագրված «Հայոց գրականության պատմության» վեցհատորյակի երրորդ և չորրորդ հատորների ստեղծումը: Գրականության պատմության երրորդ հատորը Ս. Սարինյանի ընդհանուր խմբագրությամբ, Սիրանուշ Մարգարյանի խմբագրությամբ լույս է տեսնում 2015 թվականին՝ Գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: 2017 թվականի հունիսի 8-ին հանկարծամահ է լինում Հայոց նոր գրականության բաժինը շուրջ 60 տարի ղեկավարած ԳԱԱ ակադեմիկոս, գրականության փայլուն պատմաբան ու գիտական գործի հմուտ կազմակերպիչ Ս. Սարինյանը: Այդուհետ բաժինը վարում է բանասիրության թեկնածու, դոցենտ Ս. Մարգարյանը:

Հայոց նոր գրականության բաժինն այսօր աշխատում է  Գրականության պատմության չորրորդ հատորի վրա: Հատորը պատրաստ է տպագրության։ Չորրորդ հատորի համար գիտական մենագրություններ ու գրական դիմանկարներ են ներկայացրել հանրապետության կարկառուն հայագետներ, բանասիրության դոկտորներ Վլադիմիր Կիրակոսյանը, Լաուրա Մուրադյանը, Ավիկ Իսահակյանը, Ազատ Եղիազարյանը, Վազգեն Գաբրիելյանը, Սամվել Մուրադյանը և ուրիշներ։ Բաժնի աշխատակիցների ջանքերով  պատրաստվել է նաև կոլեկտիվ մի ուսումնասիրություն՝ «Ակնարկներ հայ գրականության փիլիսոփայության», որի ներածականում կրկին բաժնի գիտնական-հայագետների գիտական գործունեության կենտրոնում դրված խնդիրն է՝ գիտականացնել գրականագիտությունը, կարևորել նրա տեղը հասարակական գիտությունների համակարգում, արժևորել փիլիսոփայության և գրականության կապն ու գրականագիտությունը ներկայացնել իբրև աշխարհաճանաչողության փիլիսոփայական հայեցակարգ։

Հայոց նոր գրականության բաժնի աշխատակիցներն ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ: Բազմաթիվ միջազգային ու հանրապետական գիտաժողովներ, տարաբնույթ ու տարախնդիր գիտական ուսումնասիրություններ և հոդվածներ, բաժին ներկայացված գրքերի քննարկումներ և գրախոսականներ… Տասնյակ, հարյուրավոր երիտասարդ գիտնականներ իրենց գիտական կենսագրությունը սկսել են այս բաժնից, այստեղ կազմակերպվել և կազմակերպվում են անհաշիվ պաշտպանություններ. այս առօրեայով է ապրում գիտության ու հայոց մշակույթի նվիրյալների այս խումբը, որ առանցքային նշանակություն և լուրջ գիտական դերակատարություն ունի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կազմում: