2023 թ. հոկտեմբերի 26-27-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» խորագրով հանրապետական գիտաժողովը, որ համատեղ կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի 21T-6B141 «Երազը և տեսիլը հայ գրականության մեջ և մշակույթում» գիտական նախագծի շրջանակում: Գիտաժողովը նվիրված էր նախագծի ղեկավար Վարդան Դևրիկյանի հիշատակին:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին և հիշեց, որ Վ․ Դևրիկյանը շատ ոգևորված էր նախագծի աշխատանքներով, որում խնդիր էր դրվել ժողովրդական բանահյուսության, միջնադարյան և նոր շրջանների գրականության մեջ ներկայացնել երազների, մարգարեությունների, տեսիլքների դրսևորման ձևերը և դրանց զարգացման ընթացքը։
Տնօրենը նշեց, որ գիտաժողովը կազմակերպվել է գիտական խմբի անդամների ջանքերով, որոնք մեծ սիրով ու նվիրումով ավարտին հասցրին թեմայի իրականացումը և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ պ․գ․թ․ Լիլիթ Սիմոնյանին, գիտաժողովի պատասխանատու քարտուղար բ․գ․թ․ Լուսինե Հայրիյանին։
Հ․ Որսկանյանը կարևորեց այն հանգամանքը, որ գիտաժողովի մասնակիցները տարբեր ոլորտներից են՝ գրականագիտություն, բանագիտություն, հոգեբանություն, ազգագրություն, սոցոլոգիա, արվեստաբանություն, պատմագիտություն։ Նա համոզմունք հայտնեց, որ միջգիտակարգային թեման կունենա իր շարունակությունը, և երկօրյա գիտաժողովն իր արդյունավետությամբ կնպաստի դրան։
Հ․ Որսկանյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց Վ․ Դևրիկյանի ընտանիքին` շեշտելով, որ մշտապես աջակցել է ինստիտուտի գիտական կյանքի կազմակերպմանը:
Այնուհետև գիտական նստաշրջանի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա արժևորեց գիտաժողովի թեման և նշեց, որ այն առանձնանում է երեք կարևոր հատկանիշներով․ նախ` գիտաժողովը նվիրված է գրականագիտության տեսական հիմնախնդիրներին, որ ուշադրության քիչ են արժանանում մեր օրերում, երկրորդ` թեման միջգիտակարգային բնույթ ունի, երրորդ` գիտաժողովը նվիրված է երջանկահիշատակ Վ. Դևրիկյան-գիտնականին:
Ակադեմիկոս Յու․ Սուվարյանը ցանկություն հայտնեց, որ զեկուցումներում հատկապես շեշտադրվեին երազի և տեսիլի` գեղարվեստական մտածողության երկու ձևերի գեղագիտական շերտերը, ցույց տրվեին դրանց զարգացման միտումները և փոխակերպումները, որոնք կօգնեին ժամանակակից ստեղծագործողներին` հարստացնելու նրանց գեղարվեստական մտածողության զինանոցը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ․ Արսեն Բոբոխյանը։ Նա նույնպես կարևորեց թեմայի միջգիտակարգային բնույթը՝ մատնանշելով գրականության և բանահյուսության փոխառնչությունները։ Ա․ Բոբոխյանը արձանագրեց, որ երազները և տեսիլները մշակույթի մի կարևորագույն շերտն են ներկայացնում: Գիտաժողովը հետաքրքրական է նրանով, որ հայկական մշակույթում առկա երազների և տեսիլների օրինակով ներկայացվում է ազգային գրականության և բանահյուսության մեջ առանցքային կարևորություն ունեցող պատկերամտածողության այդ համակարգը: Անհրաժեշտություն կա հանգամանորեն ուսումնասիրելու մշակութային այդ շերտի դրսևորումները:
Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց բ.գ.դ., պրոֆեսոր, գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հենրիկ Էդոյանը: Գրականագետը նշեց, որ գրականությունը երազի արտացոլումն է, այն երկու աշխարհների սահմանգիծ է․ «Երազը սկիզբ ու վերջն է գրականության։ Այն տրված է մարդուն ապրելու համար։ Առանց երազի մարդը չի կարող ընդհանրապես գոյություն ունենալ։ Գրականությունը կտրել երազից և տեսիլից, նշանակում է ոչնչացնել գրականությունը։ Սա գիտաժողով է, որ նվիրված է բուն գրականությանը, և այս թեման պետք է ավելի խորացնենք»։
Գիտաժողովի չորս նիստերը վարեցին բ․գ․թ․ Հերիքնազ Որսկանյանը, պ․գ․թ․ Լիլիթ Սիմոնյանը, բ․գ․թ․ Սաթենիկ Ավետիսյանը, բ․գ․թ․ Լուսինե Վարդանյանը։
Զեկուցումներով հանդես եկան բ․գ․դ․ Ալբերտ Մուշեղյանը, պ.գ.դ. Վերժինե Սվազլյանը, բ․գ․թ․ Հերիքնազ Որսկանյանը, բ.գ.թ. Սաթենիկ Ավետիսյանը, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, պ.գ.թ. Լիլիթ Սիմոնյանը, պ.գ.թ. Սուսաննա Ադամյանը, բ.գ.թ. Մարգարիտա Խաչատրյանը, բ.գ.թ. Նաիրա Բալայանը, բ.գ.թ. Լուսինե Վարդանյանը, բ.գ.թ. Լուսինե Հայրիյանը, բ.գ.թ. Անահիտ Հակոբյանը, բ․գ․թ․ Լուիզա Գասպարյանը, բ․գ․թ․ Կարինե Առաքելյանը, բ․գ․թ․ Արքմենիկ Նիկողոսյանը, հ․գ․թ․ Կարինե Սահակյանը և Ռոզա Հովհաննիսյանը, Շողակաթ Դևրիկյանը, պ․գ․թ․ Նիկոլ Մարգարյանը, պ․գ․թ Կարեն Հովհաննիսյանը, պ․գ․թ․ Նարինե Շամամյանը, արվեստագիտության թեկնածու Արսեն Համբարձումովը, բ․գ․թ․ Սիրանուշ Փարսադանյանը, բ․գ․թ․ Անի Ղազարյանը, Աննա Պողոսյանը, Մարիամ Հերգնյանը:
Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո ծավալվում էր աշխույժ քննարկում։
Գիտաժողովի ծրագիր