Սույն թվականի նոյեմբերի 15-ին և 16-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ երտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովը, որ կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը: Նա ասաց, որ այս նախաձեռնության նպատակն է բացահայտել երիտասարդ գրականագետներին, նրանց գիտական կարողությունները, ճանապարհ հարթել արգասավոր գործունեության համար:
Ողջույնի խոսքով ներկայացավ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի փոխտնօրեն Սաթենիկ Ավետիսյանը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ երիտասարդ գիտնականներն իրենց գիտական գործունեության ընթացքում պետք է դրսևորեն աշխատասիրություն, ձևավորեն իրենց ինքնուրույն, սեփական միտքը, ունենան սկզբունքներ ու գաղափարներ: Փոխտնօրեն Սաթենիկ Ավետիսյանը նկատեց՝ թեև գրական ազդեցություններն անխուսափելի են, սակայն պետք է կարողանալ հաղթահարել դրանք, և, նախորդների փորձը յուրացնելով, ստեղծել նորը, սեփականը: Նա հույս հայտնեց, որ գիտական այսպիսի միջոցառումների շնորհիվ կունենանք նոր անուններ գրականագիտության դաշտում:
Գրականության ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Սողոյանը երիտասարդ գիտնականներին ասաց, որ ինստիտուտի նախաձեռնությունը լայն հնարավորություն է տալիս նրանց` գիտական հանրույթին ներկայանալու, փորձ ձեռք բերելու, միմյանց ճանաչելու և նոր համագործակցության սկիզբ դնելու համար:
Երիտասարդ գիտնականներին ողջունեց նաև Գրականության ինստիտուտի գիտաշխատող Նառա Սարգսյանը` մաղթելով արդյունավետ աշխատանք:
Գիտաժողովին մասնակցում էին բարձրագույն գիտական հաստատությունների ասպիրանտներ, հայցորդներ և մագիստրոսներ: Զեկուցումները տարաբնույթ էին, հետաքրքիր, նոր մոտեցումներով, արդիական վերլուծություններով:
Զեկուցումների շուրջ ծավալվեց գիտական առողջ քննարկում, ներկայացվեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ:
Գիտաժողովի ծրագիր
Գիտաժողովի ծրագիր