ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հիմնադրվել է 1943 թ.` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի՝ ԱրմՖԱՆ – ի (Арм. Филиал академии наук) համակարգում: 1944 թվականից կրում է Մանուկ Աբեղյանի անունը: Ինստիտուտի տնօրեններ են եղել բ.գ.դ., ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Խորեն Սարգսյանը (1943-1947 թթ .), ակադեմիայի թղթակից անդամ , ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մկրտիչ Մկրյանը (1947-1953 թթ.), բ.գ.դ., ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գուրգեն Հովնանը (1954-1964 թթ.), ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Վաչե Նալբանդյանը (1965-1977 թթ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Ջրբաշյանը (1977-1999 թթ.), բ.գ.դ., պրոֆ. Ազատ Եղիազարյանը (1999-2008 թթ.), բ.գ.դ., պրոֆ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք Իսահակյանը (2008-2015 թթ.), բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը (2015-2023թթ.):
Ինստիտուտում տպագրվում է «Գրականագիտական հանդես» պարբերականը:
2010-2018թթ. հրատարակվել է «Գրական Սփյուռք» տարեգիրքը:
Կազմակերպվում են միջազգային և հանրապետական գիտական նստաշրջաններ` նվիրված տարբեր հեղինակների հոբելյաններին, գրականության պատմությանը և գրական կապերին վերաբերող հարցերին:
Ինստիտուտում գործում է Հայ գրականության մասնագիտական խորհուրդը, որը գիտական աստիճաններ է շնորհում հայ դասական, հայ նորագույն գրականությունների և բանահյուսության (ֆոլկլոր) գծով:
Ինստիտուտը իրականացնում է տեսական-հետազոտական գործառույթ: Մ. Աբեղյանը, լինելով ՀՀ ԳԱԱ հիմնադիր անդամ ակադեմիկոսներից, իր երկհատոր «Հայոց հին գրականության պատմություն» կոթողային աշխատանքով հիմքը դրեց հայ գրականության ակադեմիական ուսումնասիրությունների:
Անցնող տասնամյակների ընթացքում տպագրվել են բազմաթիվ կոլեկտիվ աշխատանքներ՝ նվիրված հայ գրականության տեսական և տիպաբանական հարցերին, կազմվել են գիտաքննական բնագրեր, գրվել են հարյուրավոր մենագրություններ:
Շարունակվում են հայ դասական գրողների երկերի ակադեմիական հրատարակությունները, հայ դասականների կյանքի և գործունեության տարեգրությունների, հայ դասական գրողների մասին ժամանակակիցների հուշերի կազմման աշխատանքները:
Ինստիտուտի ուշադրության կենտրոնում է միջազգային կապերի և գրական փոխառնչությունների վերհանումը:
Ինստիտուտի գործունեությունը կարևորվում է հայ գրականության նորմավորված պատմություն ստեղծելու, հայ գրականության հետ կապված տարբեր հարցերում հստակ դիրքորոշումներ ներկայացնելու, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների կազմման աշխատանքներին մասնակցություն ունենալու, հայ գրականությունը օտարալեզու լսարանի առջև հանրահռչակելու, միջնադարյան գրականության ադրբեջանական կեղծարարությունները հերքելու տեսանկյունից ևս:
Գրականության ինստիտուտը իր կարգավիճակով և ավանդական հեղինակությամբ ընդունված և ճանաչված է տարբեր երկրների գրականության համաբնույթ ինստիտուտների կողմից՝ որպես գրականագիտությունը Հայաստանում համակարգող առաջատար կառույց:
Գիտական համագործակցության շրջանակում գիտական համատեղ գործունեության ծրագիր է մշակվել ՌԴ ԳԱ Մաքսիմ Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի հետ :
Այսօր ՀՀ ԳԱԱ Մ . Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմում կան գիտությունների 11 դոկտոր և գիտությունների 28 թեկնածու, գիտության և արվեստի վաստակավոր 3 գործիչներ:
Վերջին հինգ տարիների ընթացքում ինստիտուտը հրատարակել է մոտ 80 անուն գիրք