Սույն թվականի սեպտեմբերի 25-27-ին տեղի ունեցավ «Արևելք-Արևմուտք. Մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտություն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» եռօրյա միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՌԳԱ Ա․Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Հայաստանի ազգային գրադարանի կողմից։

Համաժողովին մասնակցում էր ավելի քան 150 հետազոտող աշխարհի 14 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունգարիա, Լեհաստան, Պարսկաստան, Չինաստան և այլն)։

Համաժողովի աշխատանքները ղեկավարում էին համանախագահներ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մ.Ա.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Հերիքնազ Որսկանյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

«Արևելք-Արևմուտք. Մշակութային միջնորդներ» համաժողովը կարևոր հարթակ հանդիսացավ բազմակողմանի գիտական քննարկումների, հետազոտական նոր նախագծերի և ծրագրերի մտահղացման, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության խթանման համար։