ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նորագույն գրականության բաժինը հիմնվել է 1943թվականին՝ ինստիտուտի հիմնադրման օրից:
Բաժինը ղեկավարել են անվանի գիտնականներ՝ բ.գ.դ. Սուրեն Աղաբաբյանը, բ.գ.դ., պրոֆ Ազատ Եղիազարյանը, վերջին տասնամյակում՝ բ.գ.դ., պրոֆ. Սուրեն Աբրահամյանը:
Բաժինը 1962թվականին ավարտել և հրատարակել է Հայ նորագույն գրականության երկհատորյակը, այնուհետև, 1986թ-ին բաժնի ղեկավար Ս. Աղաբաբյանը հեղինակային իր աշխատությունն է հրատարակել «Սովետահայ գրականության պատմություն» առաջին հատորը, իսկ 1992թ-ին, հեղինակի մահից հետո «Արդի հայ գրականության պատմություն» հատորը, որը նախորդի՝ «Սովետահայ գրականության պատմություն» առաջին հատորի լրացումն է:
Նշանակալից են նաև բաժնի աշխատակիցների առանձին աշխատություններ, ինչպիսիք են Ս. Աղաբաբյանի «Ակսել Բակունց» (1963) մենագրությունը, նույն հեղինակի Եղիշե Չարենցին նվիրված մենագրությունը երկու հատորով (1-ին հատոր՝ 1972թ., 2-րդ հատոր՝ 1977թ), նաև բ.գ.դ. Ալմաստ Զաքարյանի երեքհատորյա աշխատությունը Եղիշե Չարենցի գիտական կենսագրության վերաբերյալ, Ե. Չարենցի Երկերի հրատարակումը դրան նախորդող՝ մինչև 1966թվականը:
Խորհրդահայ հեղինակների Երկերի հրատարակումը առհասարակ բաժնի հիմնական աշխատանքներից մեկն է: Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Ակսել Բակունցի Երկերի բազմահատորյակների հրատարակումը դրա վկայությունն է:
Բաժինը այսօր էլ աշխատում է Նորագույն հայ գրականության պատմության երկհատորյակը պատրաստելու և հրատարակելու՝ արդեն վերանայված և վերաարժևորված հայացքով՝ պահպանելով նախորդի ավանդույթը:
Բաժնի ներկայիս աշխատակիցները
Աբրահամյան Սուրեն Սերյոժայի – բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Ավետիսյան Սաթենիկ Հարությունի – բ.գ.թ., դոցենտ, առաջատար գիտաշխատող
Սեյրանյան Լիլիթ Բորիսի – բ.գ.թ., դոցենտ, առաջատար գիտաշխատող
Արիստակեսյան Ռուզաննա Բուլիկի – բ.գ.դ., գիտաշխատող
Հովհաննիսյան Միհրան Վահանի – կրտսեր գիտաշխատող
Զարգարյան Արա Սմբատի – կրտսեր գիտաշխատող