ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, սույն թվականի նոյեմբերի 8-10-ին կազմակերպել էին հանրապետական հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին։

Գիտական նստաշրջանի բացումը տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և  հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա բարձր գնահատեց Էդվարդ Ջրբաշյանի անցած գիտական ուղին, եռանդուն գործունեությունը։ Ակադեմիկոս Յու․ Սուվարյանն առաջարկեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը անվանակոչել ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի անունով՝ հավերժացնելով Էդվարդ Ջրբաշյանի հիշատակը։ «Այսօր գրականության ոլորտում ժանրային տեսակները փոխվել են, դարձել բազմազան, և գրականության տեսությունը շատ ակտուալ է։ Ես կարծում եմ, որ մեր գրականագիտության ապագա հաջողություններն ավելի շատ կարող են պայմանավորված լինել նրանով, որ մենք լուրջ քայլեր կատարենք գրականության տեսության զարգացման գործում՝ շարունակելով ակադեմիկոս Ջրբաշյանի ավանդույթները», – ասաց ակադեմիկոս Յու․ Սուվարյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ Նա արժևորեց ականավոր գրականագետի գիտական հարուստ ժառանգությունը, անմնացորդ նվիրումը, վիթխարի ավանդն ու ներդրումը հայ գրականագիտության զարգացման, առաջընթացի մեջ․ «Էդվարդ Ջրբաշյանի մարդկային, բարոյական բարձր նկարագիրը և գիտնականի բացառիկ նվիրումը հայրենի գիտությանը վառ օրինակ է եղել մեր սերնդի, այդ թվում՝ ինձ համար, ում բախտ է վիճակվել լինել նրա ուսանողուհին Երևանի պետական համալսարանում և աշխատել նրա հետ Գրականության ինստիտուտում։ Նրա մարդկային հմայքը ձևավորվում էր ներքին ազնվությունից, դիմացինին հարգելու կարողությունից, անաչառ վերաբերմունքից ուսանողի և աշխատակցի հանդեպ, գիտության երախտավորներին ըստ արժանվույն գնահատելու ունակությունից։ Նրա հիմնարար աշխատություններն այսօր էլ առանցքային նշանակություն ունեն գրականության պատմությամբ և տեսությամբ զբաղվող գիտնականների համար։ Այդ աշխատությունների դասագիրք են երիտասարդ գիտնականների ձեռքին։

Այս գիտաժողովը լայն հնարավորություն է՝ մեկ անգամ ևս արժևորելու Էդվարդ Ջրբաշյանի գիտական ժառանգությունը, որով մեր գրականագիտությունը՝ հենված գրականության տեսության վրա, բարձրացավ ավելի բարձր մակարդակի»։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։ Նա տաղանդավոր գրականագետի, ականավոր գիտնականի ողջ կյանքն ու գործը բնութագրեց մեկ բառով՝ «Սխրանք»։ «Այս գիտաժողովը, իմ կարծիքով, ունի երկու շատ կարևոր ուղերձ։ Առաջին՝ ներկայացնելով Էդ․ Ջրբաշյանի գիտական, գիտակազմակերպական ու գիտամանկավարժական վաստակը, որին նվիրված են այս նիստի բոլոր զեկուցումները, մեկ անգամ ևս ընդգծվում է ՀՀ ԳԱԱ բացառիկ դերը հայագիտության, իսկ ավելի լայն առումով՝ հայոց գիտության անդաստանում։ Երկրորդ՝ երիտասարդ սերնդի համար ակնհայտ է դառնում, թե ինչ հարուստ ավանդույթներ ունի հայ գիտությունը։ Քանզի միայն ամուր արմատներ ունեցող ծառը կարող է աճել, ծաղկել ու հզորանալ։ Ու հենց այդ ծառի հետագա աճն էլ պիտի ապահովի ներկայիս երիտասարդությունը։

Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ հոբելյանական գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, մաղթում արդյունավետ աշխատանք» – ասաց Աննա Ասատրյանը։

Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն շրջանի հայ գրականության բաժնի վարիչ Սուրեն Աբրահամյանը, ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, գիտնականի դուստր Աշխեն Ջրբաշյանը։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին նոյեմբերի 9-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում և նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին շուրջ 3 տասնյակ զեկուցումներ՝ նվիրված Էդվարդ Ջրբաշյանի գիտական հարուստ ժառանգությանը։

Գիտաժողովի ծրագիր