Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինտիտուտում տեղի ունեցավ անվանի հայագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Պիոն Հակոբյանի և նրա դստեր՝ ինստիտուտի տեքստաբանության բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Անահիտ Հակոբյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Խաչատուր Աբովյանի կյանքի և գործունեության տարեգրություն, հատոր Ա. (1809-1833)» գրքի շնորհանդեսը։
Հատորի խմբագիրը տեքստաբանության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանն է, էջադրողն ու ձևավորողը՝ նույն բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Լուսինե Ավետիսյանը: Տպագրության հովանավորն է ամերիկահայ մշակութային գործիչ, գրականագետ, գրող Հովսեփ Նալբանդյանը։
Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը՝ նախևառաջ հիշեցնելով տվյալ օրվա խորհուրդը. «Իհարկե, մենք երբեք չենք մոռանա 2020 թ. սեպտեմբերի 27-ը,-ասաց նա։- Շնորհանդեսը կազմակերպվել է արցախյան 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի օրը՝ որպես հարգանքի տուրք հանուն մեր երկրի հարատևման իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր հայորդիների անմահ հիշատակին, ինչպես նաև որպես հավաստում ՀՀ գիտական, կրթամշակութային զարգացմանը մեր ծառայության»։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր անմահ հերոսների պայծառ հիշատակը։ Այնուհետև շարունակելով խոսքը՝ տիկին Որսկանյանը հանգամանորեն ներկայացրեց Տարեգրության ստեղծման պատմությունը:
Այնուհետև ելույթ ունեցավ գրքի հեղինակ Անահիտ Հակոբյանը` իր խոսքում ընդգծելով, որ օրն ունի ևս մեկ խորհուրդ. 195 տարի առաջ սեպտեմբերի 27-ին, կատարելով աննախադեպ սխրանք, հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը Դորպատի համալսարանի պրոֆեսոր, գերմանացի նշանավոր գիտնական Ֆրիդրիխ Վիլհելմ Պարրոտի հետ նվաճեց մեր ինքնության խորհրդանիշ Արարատ լեռան մինչ այդ անմատչելի գագաթը և նոր, փառահեղ էջ բացեց համաշխարհային լեռնագնացության պատմության մեջ՝ միաժամանակ տալով նոր մեկնարկ Հայաստանի և հայ ժողովրդի վերածնությանը։ Ա. Հակոբյանը նշեց, որ աշխատությունը կազմվել է քննական տարեգրության չափանիշներին համապատասխան՝ ամենայն մանրամասնությամբ վերստեղծելով Խաչատուր Աբովյանի կենսագրության գիտական ժամանակագրությունը օր-ամիս-տարի համակարգի մեջ։ Նման եղանակով, ըստ էության, մեկ անձի կյանքի և գործունեության միջոցով վերականգնվում է մի ամբողջ դարաշրջան, քանզի Աբովյանն իր գործունեության զանազան ոլորտների, հայ և օտար հանրության հետ ունեցած բազմաշերտ փոխառնչությունների լայն շառավղով իր շուրջը խտացնում է մի ամբողջ մշակույթ»։ Հեղինակը նշեց, որ գիրքը ծավալուն է (872 էջ), հագեցած է զանազան կարգի ցանկերով, ունի անձնանունների բառարան, 73 ներդիր, օրահոդվածները զուգորդված են հանգամանալից ծանոթագրություններով։
Ելույթի վերջում Ա. Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց պարոն Հովսեփ Նալբանդյանին՝ հատորի տպագրությունն իրականացնելու համար:
Դիմելով ներկաներին՝ Հ. Նալբանդյանն ասաց, որ երբ 2005 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծեցի «Յովսէփ և Գարոլին Նալպանտեն» մատենաշարը, սկզբնապես նպատակադրվել էի հրատարակել իր ուսումնասիրությունները, բայց հետագայում տեսնելով, որ մեր գիտնականներն ու գրողները մեծ դժվարությունների առջև են կանգնում իրենց գրքերի տպագրության խնդրում, նպատակադրվեց հնարավորությունների սահմանում աջակցել նաև նրանց։ Հ. Նալբանդյանը նշեց. «Միայն այս տարի արդեն հրատարակել ենք 12 գիրք։ Ուրախ եմ, որ իմ վաղեմի բարեկամ, շնորհալի բանասեր Լուսինե Ավետիսյանի միջոցով ծանոթացա Անահիտ Հակոբյանի հետ և համատեղ ջանքերով լույսընծայվեց այս անչափ արժեքավոր գիրքը»։
Միջոցառմանն իր խոսքով հանդես եկավ նաև ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը։ Վկայակոչելով ֆրանսիացի անվանի հայագետ Ժան-Պիեր Մահեի խոսքերը՝ տիկին Դոլուխանյանը նշեց, որ հայ ժողովուրդը երկու մեծություն ունի, որոնք միջազգային արժեք են ներկայացնում՝ Գրիգոր Նարեկացին և Խաչատուր Աբովյանը։ Իր ազգանվեր գործունեությամբ, ինչպես փաստել է մեկ այլ նշանավոր գիտնական՝ Ֆրեդերիկ Մակլերը, Աբովյանը պարզապես վերածնեց հայ ժողովրդին և նրան հարատևելու իրավունք տվեց։ Այնուհետև անդրադառնալով Պ. Հակոբյանի գիտական գործունեությանը՝ տիկին Դոլուխանյանը մասնավորապես ասաց. «Ես բախտ եմ ունեցել անձամբ ծանոթ լինելու Պիոն Հակոբյանին։ Անհնար է չհիանալ նրա աշխատություններով։ Բացառիկ անձնավորություն, մեծ դասական գրականագետ։ Ուրախ եմ, որ նրա դուստրը ևս նվիրյալ է և շարունակում է հոր գործը»։
Մ. Աբեղյանի անվան գրականության ինտիտուտի հայ նոր գրականության բաժնի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Պետրոս Դեմիրճյանը նշեց. «Մեր սերնդի բախտը բերել է, որ մենք ունեցել ենք այդպիսի խոշոր դեմքեր, շփվել նրանց հետ: Նրանք իրենց գործի նվիրյալներ էին, և մեր կյանքի ուղին ինչ-որ տեղ գծագրվել է նրանցով։ Մեծ բարեբախտություն է, որ Պիոն Հակոբյանի աշխատանքը արժանիորեն շարունակում է Անահիտ Հակոբյանը, և վստահ եմ, որ ապագայում կտեսնենք նաև Տարեգրության երկրորդ հատորը»։
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, ք.գ.դ. Հովհաննես Այվազյանն իր խոսքում նշեց. որ հրաշալի գիրք է պատրաստվել, այն ինքնաբավ է, խիստ գրագետ, ամբողջ գիտական ապարատը տեղում է, և եթե որևէ հարց է առաջանում, ապա կարիք չկա դիմելու այլ աղբյուրների, բոլոր պատասխանները կարելի է գտնել այստեղ։
Իբրև փորձագետ՝ ամբիոնի մոտ հրավիրվեց ինստիտուտի թումանյանագիտության խմբի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ Եվա Մնացականյանը։ «Աբովյանագիտական հսկայածավալ ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Խաչատուր Աբովյանի կյանքի և գործունեության տարեգրություն» հիմնարար աշխատությունը, որի առաջին հատորն արդեն ընթերցողի սեղանին է,- ասաց Ե. Մնացականյանը։- Առհասարակ Տարեգրությունը գրականագիտական ոչ այնքան տարածված ժանրերից է։ Որոշ ընդհանրություններ ունենալով հանդերձ ակադեմիական հրատարակության, գիտական կենսագրության, ժամանակագրության հետ՝ բնույթով, խնդիրներով, նպատակով ու մեթոդով տարբերվում է դրանցից։ Այն գրականագիտական ամենաօբյեկտիվ ժանրն է, որի կարևորագույն պայմանը տարեգրողի լիակատար չեզոքությունն է»։ Հատորը նոր լույս է սփռում Աբովյանի ազգային-քաղաքական մտածողության ու մարդկային նկարագրի, իրականության աբովյանական ընկալման վրա և այդ համապատկերում նախանշում ժամանակի ամբողջական շրջապտույտը»,- իր խոսքի եզրափակիչ հատվածում ասաց Ե. Մնացականյանը։
Միջոցառմանը մասնակցում էր նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը։ Նա փաստեց, որ բավական ժամանակ է՝ Աբովյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված նման մեծածավալ աշխատություն չէր տպագրվել. սա մշակութային և գրական մեծ տոն է մեզ համար։
Միջոցառման վերջում հատորի հրատարակության կապակցությամբ ամփոփիչ խոսք ասաց ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը. «Գիրքն իսկապես հսկայական աշխատանք է, այն ինչպես հարկն է արժևորվեց ու դեռ կարժևորվի, որովհետև չափազանց կարևոր ներդրում է, ընդ որում՝ ոչ միայն աբովյանագիտության մեջ, և ոչ միայն գրականագիտության մեջ»,- ասաց Ա. Նիկողոսյանը։ Եվս մեկ անգամ անդրադառնալով օրվա խորհրդին՝ նա ընդգծեց, որ այս գրքի ծնունդը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ը մեզ նոր մեկնակետերի հնարավորություն է տալիս։ Անչափ կարևոր են այն գիտական, մշակութային գործերը, որոնք կատարվել են հատկապես 2020 թ. պատերազմից հետո, որովհետև դրանք պետք է մեր հոգևոր, մտավոր նորոգության, մեր ժողովրդի ոգու վերածննդի գլխավոր հայտանիշերը լինեն։ «Պիոն Հակոբյանի և Անահիտ Հակոբյանի այս մեծածավալ աշխատությունը մեզ համար հետպատերազմյան լավատեսության ամենակարևոր նշաններից մեկն է, մանավանդ՝ Խաչատուր Աբովյանի օրինակով, որպես մի մարդու, որն ապրել, արարել ու մաքառել է մեր ժողովրդի պատմության ամենադժվար ժամանակներից մեկում։ Այս գիրքն իր բոլոր այլ հատկանիշներից զատ ունի մի շատ կարևոր հատկանիշ. այն կարող է դառնալ յուրաքանչյուրիս սեղանի գիրքը՝ ինչպես ապրել այս մարտահրավերներով լի ժամանակներում, ինչ արարքներ գործել և ինչպես մնալ այնպիսին, ինչպիսին մնաց Խաչատուր Աբովյանը»։