Եղիշե Չարենցի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական նոր հրատարակություն. հատոր 1

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նախաձեռնել են Եղիշե Չարենցի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական նոր հրատարակությունը՝ 13 հատորով:

Օրերս լույս է տեսել ժողովածուի 1-ին հատորը:

Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով

Սույն թվականի նոյեմբերի 15-ին և 16-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ երտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովը, որ կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը: Նա ասաց, որ այս նախաձեռնության նպատակն է բացահայտել երիտասարդ գրականագետներին, նրանց գիտական կարողությունները, ճանապարհ հարթել արգասավոր գործունեության համար:

Ողջույնի խոսքով ներկայացավ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի փոխտնօրեն Սաթենիկ Ավետիսյանը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ երիտասարդ գիտնականներն իրենց գիտական գործունեության ընթացքում պետք է դրսևորեն աշխատասիրություն, ձևավորեն իրենց ինքնուրույն, սեփական միտքը, ունենան սկզբունքներ ու գաղափարներ:  Փոխտնօրեն Սաթենիկ Ավետիսյանը նկատեց՝ թեև գրական ազդեցություններն անխուսափելի են, սակայն պետք է կարողանալ հաղթահարել դրանք, և, նախորդների փորձը յուրացնելով,  ստեղծել նորը, սեփականը: Նա հույս հայտնեց, որ գիտական այսպիսի միջոցառումների շնորհիվ կունենանք նոր անուններ գրականագիտության դաշտում:

Գրականության ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Սողոյանը երիտասարդ գիտնականներին ասաց, որ ինստիտուտի նախաձեռնությունը լայն հնարավորություն է տալիս նրանց` գիտական հանրույթին ներկայանալու, փորձ ձեռք բերելու, միմյանց ճանաչելու և նոր համագործակցության սկիզբ դնելու համար:

Երիտասարդ գիտնականներին ողջունեց նաև Գրականության ինստիտուտի գիտաշխատող Նառա Սարգսյանը` մաղթելով արդյունավետ աշխատանք:

Գիտաժողովին մասնակցում էին բարձրագույն գիտական հաստատությունների ասպիրանտներ, հայցորդներ և մագիստրոսներ: Զեկուցումները տարաբնույթ էին, հետաքրքիր, նոր մոտեցումներով, արդիական վերլուծություններով:

Զեկուցումների շուրջ ծավալվեց գիտական առողջ քննարկում, ներկայացվեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ:

Գիտաժողովի ծրագիր

Գիտաժողովի ծրագիր

Էդվարդ Ջրբաշյան – 100

ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, սույն թվականի նոյեմբերի 8-10-ին կազմակերպել էին հանրապետական հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին։

Գիտական նստաշրջանի բացումը տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և  հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա բարձր գնահատեց Էդվարդ Ջրբաշյանի անցած գիտական ուղին, եռանդուն գործունեությունը։ Ակադեմիկոս Յու․ Սուվարյանն առաջարկեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը անվանակոչել ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի անունով՝ հավերժացնելով Էդվարդ Ջրբաշյանի հիշատակը։ «Այսօր գրականության ոլորտում ժանրային տեսակները փոխվել են, դարձել բազմազան, և գրականության տեսությունը շատ ակտուալ է։ Ես կարծում եմ, որ մեր գրականագիտության ապագա հաջողություններն ավելի շատ կարող են պայմանավորված լինել նրանով, որ մենք լուրջ քայլեր կատարենք գրականության տեսության զարգացման գործում՝ շարունակելով ակադեմիկոս Ջրբաշյանի ավանդույթները», – ասաց ակադեմիկոս Յու․ Սուվարյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ Նա արժևորեց ականավոր գրականագետի գիտական հարուստ ժառանգությունը, անմնացորդ նվիրումը, վիթխարի ավանդն ու ներդրումը հայ գրականագիտության զարգացման, առաջընթացի մեջ․ «Էդվարդ Ջրբաշյանի մարդկային, բարոյական բարձր նկարագիրը և գիտնականի բացառիկ նվիրումը հայրենի գիտությանը վառ օրինակ է եղել մեր սերնդի, այդ թվում՝ ինձ համար, ում բախտ է վիճակվել լինել նրա ուսանողուհին Երևանի պետական համալսարանում և աշխատել նրա հետ Գրականության ինստիտուտում։ Նրա մարդկային հմայքը ձևավորվում էր ներքին ազնվությունից, դիմացինին հարգելու կարողությունից, անաչառ վերաբերմունքից ուսանողի և աշխատակցի հանդեպ, գիտության երախտավորներին ըստ արժանվույն գնահատելու ունակությունից։ Նրա հիմնարար աշխատություններն այսօր էլ առանցքային նշանակություն ունեն գրականության պատմությամբ և տեսությամբ զբաղվող գիտնականների համար։ Այդ աշխատությունների դասագիրք են երիտասարդ գիտնականների ձեռքին։

Այս գիտաժողովը լայն հնարավորություն է՝ մեկ անգամ ևս արժևորելու Էդվարդ Ջրբաշյանի գիտական ժառանգությունը, որով մեր գրականագիտությունը՝ հենված գրականության տեսության վրա, բարձրացավ ավելի բարձր մակարդակի»։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։ Նա տաղանդավոր գրականագետի, ականավոր գիտնականի ողջ կյանքն ու գործը բնութագրեց մեկ բառով՝ «Սխրանք»։ «Այս գիտաժողովը, իմ կարծիքով, ունի երկու շատ կարևոր ուղերձ։ Առաջին՝ ներկայացնելով Էդ․ Ջրբաշյանի գիտական, գիտակազմակերպական ու գիտամանկավարժական վաստակը, որին նվիրված են այս նիստի բոլոր զեկուցումները, մեկ անգամ ևս ընդգծվում է ՀՀ ԳԱԱ բացառիկ դերը հայագիտության, իսկ ավելի լայն առումով՝ հայոց գիտության անդաստանում։ Երկրորդ՝ երիտասարդ սերնդի համար ակնհայտ է դառնում, թե ինչ հարուստ ավանդույթներ ունի հայ գիտությունը։ Քանզի միայն ամուր արմատներ ունեցող ծառը կարող է աճել, ծաղկել ու հզորանալ։ Ու հենց այդ ծառի հետագա աճն էլ պիտի ապահովի ներկայիս երիտասարդությունը։

Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ հոբելյանական գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, մաղթում արդյունավետ աշխատանք» – ասաց Աննա Ասատրյանը։

Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն շրջանի հայ գրականության բաժնի վարիչ Սուրեն Աբրահամյանը, ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, գիտնականի դուստր Աշխեն Ջրբաշյանը։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին նոյեմբերի 9-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում և նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին շուրջ 3 տասնյակ զեկուցումներ՝ նվիրված Էդվարդ Ջրբաշյանի գիտական հարուստ ժառանգությանը։

Գիտաժողովի ծրագիր

Խաչատուր Աբովյան – 175

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1, 2-ին կայացավ ականավոր գրող, գիտնական, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողով` ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, Խ. Աբովյանի տուն-թանգարանի, Հայաստանի գրողների միության համակազմակերպությամբ:

Գիտաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը: Նա նշեց, որ Գրականության ինստիտուտը իր մեծ ավանդն ու ներդրումն է ունեցել աբովյանագիտության զարգացման գործում: Գրականագետ Պիոն Հակոբյանի դստեր՝ Անահիտ Հակոբյանի աշխատասիրությամբ նախատեսվում է հրատարակել Խ. Աբովյանի կյանքի և տարեգրության առաջին հատորը, որ մեկնարկ կլինի նոր ուսումնասիրությունների ու մեկնաբանությունների: Հ. Որսկանյանը արժևորեց Խ. Աբովյանի գրական ժառանգությունը, հասարակական գործունեությունը, նրա բացառիկ դերն ու նշանակությունը ազգային համախմբման, պայքարի, կրթության, հայ գրականության զարգացման մեջ:

 Գիտական նստաշրջանի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։ Նա մասնավորապես նշեց․ «Խ. Աբովյանը, ֆրանսիացի հայագետ Ժան Պիեռ Մահեի բնորոշմամբ, համամարդկային մեծություն է: Նա մեզ տվել է ազգային ծրագիր, որ պետք է ապահովի հայ ժողովրդի հավերժությունը» – ասաց նա։

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Նա արժևորեց գիտաժողովը՝ ճշգրտելով գիտաժողովի խորագիրը՝ «Աբովյանի ոչ թե անհետացման, այլ անմահացման 175-րդ տարելիցը», բարձր գնահատեց նրա հարուստ ու բազմաշերտ ստեղծագործական ժառանգությունը և համոզմունք հայտնեց, որ ներկայացվելիք գիտական ուսումնասիրությունները նորովի կբացահայտեն մեծ գրողին․ «Մեզ բաժին հասած դժվարին ժամանակներում իսկապես մեծ ջանքեր են պետք ազգապահպանության և հայրենասիրության համար։ Եվ այստեղ է, որ կրկին պետք է օգնության գան աբովյանական պատգամներն ու իմաստնությունը: Նա մեր հայ գրականության Արարատն է, և մենք պարտավոր ենք նոր ճանապարհներ հարթել` նրան մոտենալու: Ես համոզված եմ, մեր այս գիտաժողովով  նոր ճանապարհի սկիզբ ենք դնում»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Մատենադարանի տնօրենի խորհրդական, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանը: Նրանք գնահատեցին գիտաժողովի դերն ու նշանակությունը՝ իբրև Խ․ Աբովյանի կյանքի ու գրական ժառանգության նորովի արժևորման սկիզբ։  Փոխտնօրեն Գ․ Գասպարյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Աբովյանի ստեղծագործությունը մշտապես եղել է հայ գրողների և գրականագետների ուշադրության կենտրոնում, դարձել նոր գաղափարների և ազգային գաղափարախոսության ձևավորման կարևոր, հիմնարար աղբյուրներից մեկը»: Նա կարծում է, որ անհրաժեշտ է Խ․ Աբովյանի ժառանգության նոր հրատարակություն պատրաստել` լրացնելով նախորդի տարաբնույթ բացթողումները:

Գիտական նստաշրջանի աշխատանքները շարունակվեցին նոյեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում և նոյեմբերի 2-ին՝ Խաչատուր Աբովյանի տուն – թանգարանում։

Գիտաժողովին մասնակցում էին գիտական տարբեր հաստատությունների՝ ճանաչում ունեցող գիտնականներ՝ գրականագետներ, պատմաբաններ, արվեստագետներ և երիտասարդ հետազոտողներ։ Գիտաժողովում հնչեցված գիտական զեկուցումներն աչքի ընկան բովանդակային բազմազանությամբ` ընդգրկելով Խ․ Աբովյանի գրական ժառանգությանն առնչվող տարաբնույթ հարցեր: Գիտնականները նորովի անդրադարձան Աբովյանի ստեղծագործական ժառանգության արդի հիմնախնդիրներին։

Զեկուցումների շուրջ ծավալվեց գիտական առողջ քննարկում, ներկայացվեցին տարբեր կարծիքներ և տեսակետներ:

Գիտաժողովի ծրագիր

Գիտաժողով «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» թեմայով

 2023 թ. հոկտեմբերի 26-27-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» խորագրով հանրապետական գիտաժողովը, որ համատեղ կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի     21T-6B141 «Երազը և տեսիլը հայ գրականության մեջ և մշակույթում» գիտական նախագծի շրջանակում: Գիտաժողովը նվիրված էր նախագծի ղեկավար Վարդան Դևրիկյանի հիշատակին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին և հիշեց, որ Վ․ Դևրիկյանը շատ ոգևորված էր նախագծի աշխատանքներով, որում խնդիր էր դրվել ժողովրդական բանահյուսության, միջնադարյան և նոր շրջանների գրականության մեջ ներկայացնել երազների, մարգարեությունների, տեսիլքների դրսևորման ձևերը և դրանց զարգացման ընթացքը։

Տնօրենը նշեց, որ գիտաժողովը կազմակերպվել է գիտական խմբի անդամների ջանքերով, որոնք մեծ սիրով ու նվիրումով ավարտին հասցրին թեմայի իրականացումը և շնորհակալություն հայտնեց  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ պ․գ․թ․ Լիլիթ Սիմոնյանին, գիտաժողովի պատասխանատու քարտուղար բ․գ․թ․ Լուսինե Հայրիյանին։

Հ․ Որսկանյանը կարևորեց այն հանգամանքը, որ գիտաժողովի մասնակիցները տարբեր ոլորտներից են՝ գրականագիտություն, բանագիտություն, հոգեբանություն, ազգագրություն, սոցոլոգիա, արվեստաբանություն, պատմագիտություն։ Նա համոզմունք հայտնեց, որ միջգիտակարգային թեման կունենա իր շարունակությունը, և երկօրյա գիտաժողովն իր արդյունավետությամբ կնպաստի դրան։

Հ․ Որսկանյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց Վ․ Դևրիկյանի ընտանիքին` շեշտելով, որ մշտապես աջակցել է ինստիտուտի գիտական կյանքի կազմակերպմանը:

Այնուհետև գիտական նստաշրջանի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա արժևորեց գիտաժողովի թեման և նշեց, որ այն առանձնանում է երեք կարևոր հատկանիշներով․ նախ` գիտաժողովը նվիրված է գրականագիտության տեսական հիմնախնդիրներին, որ ուշադրության քիչ են արժանանում մեր օրերում, երկրորդ` թեման միջգիտակարգային բնույթ ունի, երրորդ` գիտաժողովը նվիրված է երջանկահիշատակ Վ. Դևրիկյան-գիտնականին:

Ակադեմիկոս Յու․ Սուվարյանը ցանկություն հայտնեց, որ զեկուցումներում հատկապես շեշտադրվեին երազի և տեսիլի` գեղարվեստական մտածողության երկու ձևերի գեղագիտական շերտերը, ցույց տրվեին դրանց զարգացման միտումները և փոխակերպումները, որոնք կօգնեին ժամանակակից ստեղծագործողներին` հարստացնելու նրանց գեղարվեստական մտածողության զինանոցը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ․ Արսեն Բոբոխյանը։ Նա նույնպես կարևորեց թեմայի միջգիտակարգային բնույթը՝  մատնանշելով գրականության և բանահյուսության փոխառնչությունները։ Ա․  Բոբոխյանը արձանագրեց, որ երազները և տեսիլները մշակույթի մի կարևորագույն շերտն են ներկայացնում: Գիտաժողովը հետաքրքրական է նրանով, որ հայկական մշակույթում առկա երազների և տեսիլների օրինակով ներկայացվում է ազգային գրականության և բանահյուսության մեջ առանցքային կարևորություն ունեցող պատկերամտածողության այդ համակարգը: Անհրաժեշտություն կա հանգամանորեն ուսումնասիրելու մշակութային այդ շերտի դրսևորումները:

Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց բ.գ.դ., պրոֆեսոր, գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հենրիկ Էդոյանը: Գրականագետը նշեց, որ գրականությունը երազի արտացոլումն է, այն երկու աշխարհների սահմանգիծ է․ «Երազը սկիզբ ու վերջն է գրականության։ Այն տրված է մարդուն ապրելու համար։ Առանց երազի մարդը չի կարող ընդհանրապես գոյություն ունենալ։ Գրականությունը կտրել երազից և տեսիլից, նշանակում է ոչնչացնել գրականությունը։ Սա գիտաժողով է, որ նվիրված է բուն գրականությանը, և այս թեման պետք է ավելի խորացնենք»։

Գիտաժողովի չորս նիստերը վարեցին բ․գ․թ․ Հերիքնազ Որսկանյանը, պ․գ․թ․ Լիլիթ Սիմոնյանը, բ․գ․թ․ Սաթենիկ Ավետիսյանը, բ․գ․թ․ Լուսինե Վարդանյանը։

Զեկուցումներով հանդես եկան բ․գ․դ․ Ալբերտ Մուշեղյանը, պ.գ.դ. Վերժինե Սվազլյանը, բ․գ․թ․ Հերիքնազ Որսկանյանը, բ.գ.թ. Սաթենիկ Ավետիսյանը, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, պ.գ.թ. Լիլիթ Սիմոնյանը, պ.գ.թ. Սուսաննա Ադամյանը, բ.գ.թ. Մարգարիտա Խաչատրյանը, բ.գ.թ. Նաիրա Բալայանը, բ.գ.թ. Լուսինե Վարդանյանը, բ.գ.թ. Լուսինե Հայրիյանը, բ.գ.թ. Անահիտ Հակոբյանը, բ․գ․թ․ Լուիզա Գասպարյանը, բ․գ․թ․ Կարինե Առաքելյանը, բ․գ․թ․ Արքմենիկ Նիկողոսյանը, հ․գ․թ․ Կարինե Սահակյանը և Ռոզա Հովհաննիսյանը, Շողակաթ Դևրիկյանը, պ․գ․թ․ Նիկոլ Մարգարյանը, պ․գ․թ Կարեն Հովհաննիսյանը, պ․գ․թ․ Նարինե Շամամյանը, արվեստագիտության թեկնածու Արսեն Համբարձումովը, բ․գ․թ․ Սիրանուշ Փարսադանյանը, բ․գ․թ․ Անի Ղազարյանը, Աննա Պողոսյանը, Մարիամ Հերգնյանը:

Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո ծավալվում էր աշխույժ քննարկում։

Գիտաժողովի ծրագիր

Երիտասարդական գիտաժողով

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է երիտասարդ գրականագետների

 հանրապետական գիտաժողով՝ նվիրված գրականության և քննադատության տարբեր հարցադրումներին:

 Գիտաժողովն անցկացվելու է 2023թ. նոյեմբերի 15-ին և 16-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության
ինստիտուտում:

 Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Հոբելյանական գիտաժողով նվիրված Է. Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը սիրով հրավիրում են Ձեզ`մասնակցելու մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովին, որը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 8-10-ին։
Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված հայագիտական հանրապետական գիտաժողով

Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին նվիրված հայագիտական հանրապետական գիտաժողովը տեղեկի ունենա 2023 թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ից 2-ը։

Կազմակերպիչներ են՝

  • ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ
  • ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ
  • Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
  • Հայաստանի գրողների միություն

Մուտքն ազատ է։
Գիտաժողովի ծրագրին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։

Գիտաժողով «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» թեմայով

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի համատեղ կազմակերպած հանրապետական գիտաժողովը՝ «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» թեմայով՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի 21T-6B141 Երազը և տեսիլքը հայ գրականության մեջ և մշակույթում գիտական նախագծի շրջանակում տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 26-ին և 27-ին:

Սիրով հրավիրում ենք:

Հասցե՝ ք. Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 3-րդ

հարկ, դահլիճ:

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․

Լույս է տեսել Գոհար Կարագյոզյանի «Հայաստանը և հայերը եվրոպական ճանապարհորդների գրառումներում. Վաղ քրիստոնեական շրջանի լեգենդները և ավանդությունները» գիրքը ռուսերեն լեզվով

Օրերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Գոհար Կարագյոզյանի «Հայաստանը և հայերը եվրոպական ճանապարհորդների գրառումներում. Վաղ քրիստոնեական շրջանի լեգենդները և ավանդությունները» գիրքը ռուսերեն լեզվով:

В книге ставится задача на материале европейской литературы путешествий Средних веков и Нового времени воссоздать легенды и предания, воспроизводящие период перехода Арменией от язычества к христианству и принятия

страной новой религии в качестве государственной в годы царствования Трдата ІІІ Великого и правления Католикоса Григория Просветителя.