Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց, հոկտեմբերի 9-ին և 10-ին ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում շարունակվեց «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականությանև ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» միջազգային գիտաժողովը։
Այն կազմակերպվել էր ԳԱԱ Գրականության ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ համատեղ։
Եռօրյա գիտաժողովն անցկացվեց ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին առաջատար գիտնականներ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից, հանրապետության տարբեր գիտակրթական հաստատություններից, հետազոտողներ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Հունաստանից, Վենետիկից։ Ընդհանուր առմամբ ներկայացվեց 34 զեկուցում։
Գիտաժողովի նպատակն էր համեմատական գրականագիտության և գրականության տեսության ժամանակակից մեթոդներով անդրադառնալ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ և համաշխարհային գրականության ընթացքին ու ներքին տեղաշարժերին, գրական ուղղությունների ձևավորման պատմությանը, միջմշակութային առնչություններին ու փոխազդեցություններին, նպաստել միջազգային գիտական հանրության ներկայացուցիչների հետ կապերի ընդլայմանը, գիտության արդի ընթացքին ինտեգրել երիտասարդ գիտնականների և հետազոտողների։
Գիտաժողովի մասնակիցներին բացման խոսքով ողջունեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը։ Նա, կարևորելով գիտաժողովի գիտաքննական ուղղվածությունն ու տեսական բնույթը, տարբեր երկրների գիտնականների հետ այսօրինակ հանդիպումների կազմակերպումը, իր ելույթում մասնավորապես նշեց. «Թվում է, որ գրականագիտությունը վաղուց յուրացրել է ուղղությունների ու հոսանքներ պատմությունը, որոնց սկզբունքները, ընդհանրություններն ու տարբերությունները հանգամանորեն լուսաբանվել են հետազոտողների աշխատություններում։ Սակայն խնդիրն այն է, որ գրական ուղղությունների պատմությունը միագիծ չէ․ երբեմն զուգահեռ են ընթացել, երբեմն՝ փոխլրացրել մեկը մյուսին, անցել են զարգացման մի քանի փուլեր։ Տարբեր երկրներում ձևավորված նույն ուղղությունը երբեք չի եղել մեխանիկական կրկնություն։ Ուստիև, դեռևս արժեքների վերագնահատման խնդիրներ կան, առաջ քաշված տեսակետերի վերանայման խնդիրներ, տվյալ ազգային գրականության մեջ տվյալ ուղղության և դպրոցի սահմանների ճշգրտման խնդիրներ՝ սոցիալական, քաղաքական, կենցաղային, հոգևոր իրականության իմացությամբ, անհատի և հասարակության ճակատագրերի, կյանքի ներքին շարժումների վերլուծությամբ։ Այդ է վկայում նաև գիտաժողովի հարցադրման հանդեպ մասնագիտական լայն հետաքրքրությունը․ բազմաթիվ զեկուցումներ, տարբեր երկրների գիտնականների մասնակցություն՝ խորքային և մասնակի հարցերի քննությամբ»։
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ողջունելով միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ընդգծեց գիտաժողովի երկու առանձնահատկություն՝ նրա ակադեմիական-միջգիտակարգային ուղղվածությունը, զեկուցումների տեսական բնույթը։ «Դրանց մեջ,- ասաց ակադեմիկոս- քարտուղարը,- հաստատապես փորձ է արվելու դիտարկել գրական զարգացման ընթացքն ըստ գրական ուղղությունների, ապա՝ այս կամ այն ձևով անդրադառնալ գրական դպրոցներին, ստեղծագործական մտածողության զանազան ձևերին նաև ըստ գրական ժանրերի, համեմատական- պատմաքննական տեսություն տալ հայ և համաշխարհային գրականության նույնօրինակ իրողությունների վերաբերյալ»։
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ հղեց և տարբեր երկրների գիտնականների համագործակցությունը, հետաքրքրությունը հարցեր առաջացնող գիտական ամենատարբեր խնդիրների շուրջ բարձր գնահատեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԳԱ ակադեմիկոս Միխաիլ Պիոտրովսկին։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին առաջատար գիտնական- հայագետներ հանրապետության տարբեր գիտակրթական հաստատություններից, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից, հետազոտողներ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Հունաստանից, Վենետիկից։
Բացառիկ հետաքրքրություն առաջացրեցին երիտասարդ հետազոտողների զեկուցումները, որոնք աչքի ընկան գիտական նոր հարցադրումներով և դրանց մեկնաբանության նոր մեթոդներով։
Գիտաժողովի աշխատանքին ամբողջ ընթացքում հետևում էին ասպիրանտներ, ուսանողներ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետից, անհատ-հետազոտողներ։
Ներկայացուցչական ու մասշտաբային միջոցառումն ավարտվեց ներկայացված զեկուցումների և դրանցից արտածված բազմաթիվ հարցերի քննարկումով, ելույթներով, հետագա նմանօրինակ միջոցառումնների համար հեռանկարային ծրագրերի վերաբերյալ առաջարկություններով։
Գիտաժողովի նյութերի ժողովածուն մինչև տարեվերջ կտպագրվի ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։