ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ – 60
/in Նորություններ/by adminՍ․ թ․ մայիսի 18-ին լրացավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երջանկահիշատակ տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանի ծննդյան 60-ամյակը:Մայիսի 21-ին Գրականության ինստիտուտում տեղի ունեցավ Դևրիկյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում և նրա վերջին գրքի՝ «Սուրբ Էջմիածնի տպարանի հիմնումը և գործունեությունը 18-րդ դարում» շնորհանդեսը։ Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Դևրիկյան մարդուն, հայրենիքի զինվորին, գիտության անխոնջ մշակին, ով հասցրեց նաև դստերը` Շողակաթ Դևրիկյանին փոխանցել իր սերը դեպի գրականությունն ու արվեստը և նրա հետ համահեղինակությամբ ընթերցողի սեղանին դնել «Սուրբ Էջմիածնի տպարանի հիմնումը և գործունեությունը 18-րդ դարում» գիրքը: Ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. Հ. Որսկանյանը նշեց, որ ժամանակն ի զորու չէ խամրեցնելու Վ. Դևրիկյանի լուսավոր հիշատակը, այնքան անշահախնդիր ու ազնիվ է անցել նա իր երկրային ուղին:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու. Սուվարյանը հիշատակի իր խոսքում ընդգծեց Վ. Դևրիկյանի մեծատառով Մարդ լինելը, գնահատեց նրա գիտական նվաճումները, նվիրվածությունն ընտանիքին, ինստիտուտին, վճռականությունն ու համարձակությունը` լինելու առաջնագծում, երբ նույնիսկ տնօրեն էր:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվ. դոկտ., պրոֆ. Ա. Ասատրյանը նշեց, որ համեստ մարդ լինելով` Վ. Դևրիկյանը երբեք չէր նշի իր ծննդյան 60-ամյակը, առավել ևս` չէր դիմանա Արցախի հայաթափմանը: Նա թողել է բարի հիշատակ և գիտական մեծ ճառանգություն: Իր լավագույն ստեղծագործությունն իր դուստրն է` Շ. Դևրիկյանը, որ սովորում է Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆ. Ա. Դոլուխանյանն արժևորեց Վ. Դևրիկյանի գիտական գործունեությունն ու վաստակը` համոզմունք հայտնելով, որ մտավորականի նրա կերպարի ձևավորման վրա մեծապես ազդեցություն է ունեցել հայագետ Ղևոնդ Ալիշանը: Վ. Դևրիկյանի բոլոր աշխատությունները մնայուն են, արժեքավոր: Դրանք գրված են պարզ, մատչելի և նվիրված են կարևորագույն խնդիրների:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ. Կ. Մաթևոսյանը, գնահատելով Վ. Դևրիկյանին իբրև ընկեր, նշեց, որ նա թողել է գիտական արժանի ժառանգություն` ունենալով լայն, համապարփակ գիտելիքներ գիտության տարբեր ուղղություններում:
Վ. Դևրիկյանի ծննդյան 60-ամյակի առիթով հիշատակի իր խոսքը հղեց Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը` կարևորելով հայագետի վաստակը և գործունեությունը` կապված նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ:
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն, քիմ. գ.դ. Հովհ. Այվազյանն ափսոսանք հայտնեց, որ Վ. Դևրիկյանն անժամանակ հեռացավ, ուժերի ծաղկման շրջանում, թեև հասցրեց մեծ վաստակ թողնել միջնադարյան գրականության, ձեռագրագիտության, արվեստի ոլորտներում: Հանրայնորեն գործուն անհատ էր` քաջատեղյակ մեր պատմությանը:
Բ.գ.դ., պրոֆ. Հ. Էդոյանը հիշեց, որ իբրև ուսանող` Վ. Դևրիկյանը լարվում էր քննությունների ժամանակ, թեև միշտ գերազանց էր պատասխանում: Նա մշակ էր լավագույն իմաստով` խոնարհ, առանց մեծամտության որևէ նշույլի: Միջնադարագետ էր բառի բուն իմաստով: Նա Գևորգ Դևրիկյանի լավագույն վեպն էր, խորապես հոգևոր մարդ և խորը քրիստոնյա:
Բ.գ.դ. Ս. Հովհաննիսյանը բարձր գնահատեց զինվորին, գրականագետին, մարդուն, որոնք Վ. Դևրիկյանի մեջ ներդաշնակ միասնություն էին կազմում: Նրա մեջ միայն ազգայինն էր, հայկականը: Նրա վերջին խրամատը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում էր։ Պայքարը ակադեմիայի համար էր, և այդ պայքարից ոչ մի քայլ չնահանջեց:
Բ.գ.թ. Հ. Որսկանյանն ներկայացրեց Վ. Դևրիկյանի և Շ. Դևրիկյանի «Սուրբ Էջմիածնի տպարանի հիմնումը և գործունեությունը 18-րդ դարում» գիրքը` նշելով, որ այդ աշխատությամբ Վ. Դևրիկյանը լրացրեց «Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում» եռահատորը, լրացրեց իր ձեռագիր մատյանի վերջին էջը` նվիրաբերելով այն Ս. Էջմիածնին: Փաստառատությամբ լի գիրքը լիակատար պատկերացում է տալիս Ս. Էջմիածնի տպարանի և թղթի գործարանի հիմնման պատմության, Ամստերդամի հայկական տպարանի հետ կապի, բոլոր այն անասելի դժվարությունների մասին, որոնց միջով անցել են Սիմեոն Ա Երևանցի և Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսները` գիտակցելով հայ մշակույթի ու լուսավորության տարածման գործում Ս. Էջմիածնի տպարանի դերն ու նշանակությունը:
Գրքում հրատարակություններից շատերը ներկայացվում են իբրև արվեստի բարձրարժեք գործեր` համապատասխան փորագրապատկերների, մանրանկարների զուգորդությամբ և վերլուծությամբ, զուգահեռներ են տարվում հայ ձեռագրային ավանդների և ժամանակի արևմտաեվրոպական գրքարվեստի հետ: Հ. Որսկանյանը նշեց, որ աշխատության մեջ միջգիտակարգային համալիր մոտեցմամբ ցույց է տրվում ժամանակի պատմական եկեղեցա-քաղաքական այն միջավայրը, որով պայմանավորված են եղել Ս. Էջմիածնի հրատարակությունները:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
/in Նորություններ/by admin«Գիտություն» թերթի 2024 թվականի մայիս ամսվա №5 (387) համարում հրապարակվել է հայտարարություն ՀՀ ԳԱԱ «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի թափուր տեղի համար:
Հայտարարությունը հետ է կանչվում կազմակերպության կողմից: Հայտարարված մրցույթը չի կայանալու:
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
Հետևեք մեզ Ֆեյսբուքում
Կապ
Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15
(010) 563254
litinst@sci.am
Աշխատանքային օրեր
Երկ․- ուրբ․։ 09։00-18։00
Շբ․- կիր․։ չի աշխատում