Ս. թ. նոյեմբերի 5-7-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով: Համակազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը:
Գիտաժողովի բացումը և լիագումար նիստը տեղի ունեցան նոյեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, որից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում։ Նոյեմբերի 6-ին նիստը տեղի ունեցավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, իսկ նոյեմբերի 7-ի երկու նիստերը՝ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։
Նոյեմբերի 5-ի լիագումար նիստում գիտաժողովի մեկնարկն ազդարարեց նիստի նախագահ, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը։ «Սևակի որոնածը լույս էր, լույս՝ դարերի համար, լույս՝ իր ազգի համար, լույս՝ մարդկության համար: Սևակը, անշուշտ, ոչ միայն գտել, այլև մեզ համար բանաձևել էր այն չկորցնելու ճանապարհը՝ կարողանալ մաքրվել, ինքնամաքրվել «այնպես, ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում»»,- ասաց նա։ Մեջբերելով Սևակի խոսքերը՝ «Ազգային գրականության արժեքը կարող է ճշտվել-ճշմարտվել միայն համաշխարհային գրական-մշակութաբանական համատեքստում»՝ բանախոսը նկատեց. «Սևակի պոեզիան էլ՝ բանական-իմացաբանական զգայնությամբ, հարուստ բառապաշարով, բազմաշերտ ասելիքով, փիլիսոփայական ընդհանրացումներով ու բանաստեղծական ուժով, գնահատելի է հենց այդ չափանիշով»։
Հ. Որսկանյանը նշեց, որ ողջունելի էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը՝ համակարգելու Պ. Սևակին ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները, նաև աջակցելու դրանց իրականացմանը: Գիտաժողովը լայն ընդգրկումով անցկացնելու առաջարկը եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից:
ՀՀ ԿԳՄՍ նախարար, Պ. Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Ժաննա Անդրեասյանը գիտաժողովի բացման իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային և բուհերին՝ նախարարության առաջարկն ընդունելու, երկխոսության միջավայր ձևավորելու համար: Տիկին Անդրեասյանը նկատեց, որ նման գիտաժողովները նպաստում են Սևակի նման մեծ մտածողների ժառանգությունը կաղապարված կերպով չընկալելուն, քանի որ այն «իրականում շատ բազմաշերտ է և հարուստ։ Եվ հենց նման գիտաժողովներն են, որ հնարավորություն են տալիս կաղապարներից դուրս նայել», միջգիտակարգային և հասարակական երկխոսության հնարավորություն ստեղծել, օգտակար լինել ոչ միայն գրականագիտական ու գեղարվեստական ընկալումների տեսանկյունից։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ակադեմիական հանրությանն ուղղված ողջույնի խոսքում շեշտեց Սևակի՝ ոչ միայն խոշոր բանաստեղծ, այլև գիտնական-գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, Գրողների միության քարտուղար, գրական կյանքի ակտիվ կազմակերպիչ լինելու իրողությունները։ Նա հիշեցրեց, որ Սևակը 1960-ական թվականներին հանդես է բերել խիզախ մտավորականի կեցվածք՝ հրապարակայնորեն պատասխանելով հայ ժողովրդի պատմության կեղծարարներին։ Նրա օրինակին հետևեցին նաև հայ պատմաբանները։ Ելույթի վերջում ակադեմիկոս Սուվարյանն առաջարկեց պատրաստել Սևակի ստեղծագործությունների ակադեմիական հրատարակությունը։
ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ «ազգային ճակատագրի սևակյան բանաձևումը, որն արտահայտվել է «Անլռելի զանգակատուն» և «Եռաձայն պատարագ» պոեմներում, սփռվում է մի ժողովրդի երկու թևերի վրա՝ Մայր հայրենիքի և Սփյուռքի վրա», որոնց ուղղված է «մենք քիչ ենք, բայց հայ ենք» պատգամը»։ Նա խորհրդանշական համարեց այն, որ «մայր բուհը տասնամյակներ շարունակ զբաղվել է Պարույր Սևակի ժառանգության դասավանդմամբ և հետազոտությամբ։ Մայր բուհում հրատարակվել են նրան նվիրված մի շարք մենագրություններ և տասնյակ հոդվածներ»: Հ. Հովհաննիսյանն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ «այդ գործին իրենց ավանդն են բերել բանաստեղծի բանասեր ժառանգները՝ համալսարանի աշխատակիցներ որդին և թոռը»:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, հ.գ.դ., պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը նկատեց, որ թեպետ «100 տարին կարծես մեծ հեռավորություն է, բայց ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան Սևակը մեր կողքին է»։ Սևակի նման հոգեբան բանաստեղծներ քիչ կան, «վերլուծական կարողություններն ու խոհափիլիսոփայական մոտեցումներն էլ բնորոշ են նրա յուրաքանչյուր ստեղծագործությանը»։ «Մարդու իմացական գործընթացների վերաբերյալ հարցադրումները, որ կան Սևակի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, հետաքրքիր կամուրջ են ստեղծում ընթերցողի և բանաստեղծի միջև»,- նշեց Ս․ Գևորգյանը՝ ցանկություն հայտնելով, որ գիտաժողովին ներկա ուսանողական համակազմը կարևորի այդ երկխոսության հնարավորությունը»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Սևակի ծննդյան հոբելյանական տարում կազմակերպված գրական միջոցառումները կոչված են «ժողովրդին նորից դեպի գրականություն բերելու, գրականության նկատմամբ հետաքրքրությունը շարժելու»։ Անդրադառնալով 2024 թվականին գրողների միությունում կազմակերպված սևակյան միջոցառումներին՝ Է․ Միլիտոնյանը հիշեց նաև 1971 թվականի Հայաստանի գրողների միության համագումարը, որը գումարվել էր Սևակի համար հոգեբանորեն ծանր մի պահի՝ այն օրերին, երբ արգելված էր նրա «Եղիցի Լույս» գիրքը։ Նա իր խոսքը եզրափակեց՝ ասելով, որ մտավորականները պաշտպանության կարիք ունեն, քանի որ երբ պետությունը խառնվում է ստեղծագործական կյանքին, նրանք ունենում են Սևակի ճակատագրի նման ճակատագիր։
Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, բ.գ.թ. Սևակ Ղազարյանը նկատեց, որ սևակագիտությունը վաղուց ուներ այսպիսի գիտաժողովի կարիքը։ Նա անդրադարձավ Սևակի ծննդյան հոբելյանական տարվա ընթացքում Հայաստանում և Սփյուռքում Սևակի տուն-թանգարանի կազմակերպած մոտ 40 միջոցառումներին՝ ուրախությամբ հայտնելով նաև, որ հունվարին լույս է տեսել «Պարույր Սևակ․ 100 բանաստեղծություն» գիրքը: «Թանգարանը նախաձեռնել է Սևակի երկերի նոր ժողովածուի հրատարակումը 12 հատորով։ 2028 թ. նախատեսվում է հրատարակել առաջին 2 հատորները»,- ասաց Ս․ Ղազարյանը։
Գիտաժողովի երեք օրերի ընթացքում չորս տասնյակից ավելի զեկուցողներ անդրադարձան Պ. Սևակի գեղարվեստական ժառանգությանը, գիտական վաստակին ու գրապատմական դերին, հրապարակախոսական ելույթներին ու պատմահայեցողությանը, բանաստեղծի երկերի գրական առնչություններին, թարգմանության խնդիրներին և լեզվաոճական նկարագրին, նրա պոեզիայի հանրահռչակման ու միջազգայնացման հարցերին, արվեստի տարբեր ճյուղերում Սևակի բանաստեղծական ժառանգության արտացոլման առանձնահատկություններին, բանաստեղծի ստեղծագործության դասավանդման մեթոդներին, գրական ժառանգության մատենագիտության հարցերին:
Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ արժևորելու և վերարժևորելու հայ նորագույն գրականության մեծերից մեկի կերպարն ու գործը, լսելու նրա պատգամներն ու խորհուրդները:
Գիտաժողովի ծրագիր