Ս․ թ․ սեպտեմբերի 16-17-ին Երևանում տեղի ունեցավ «Գրականագիտական և մշակութաբանական փոխառնչությունների խնդիրները համընդհանրացման դարաշրջանում» միջազգային գիտաժողով՝ նվիրված Վ. Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին։ Գիտաժողովը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա․ Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը:
Գիտաժողովի բացումը և լիագումար նիստը տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ նախագահությունում։ Մասնակիցներին և հյուրերին ողջունեցին նիստի նախագահ՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվ. համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆ., ՌԳԱ թղթակից անդամ Վադիմ Պոլոնսկին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Ավիկ Իսահակյանը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվ. համաշխարհային գրականության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Ռուսաստանի ժողովուրդների և ԱՊՀ երկրների գրականությունների բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Ելենա Անդրուշչենկոն, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր, բ.գ.դ. Անուշավան Զաքարյանը:
Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի համալսարանների առաջատար գիտնականներ: Ռուս ականավոր բանաստեղծի, գրողի, դրամատուրգի, գրականագետի, թարգմանչի, գրաքննադատի և պատմաբանի բազմաոլորտ գործունեությանը նվիրված երեք տասնյակից ավելի զեկուցումները հնարավորություն տվեցին համընդհանրացման դարաշրջանում նորովի՝ ժամանակակից գիտության տեսանկյունից արժևորելու Վ. Բրյուսովի ստեղծագործությունը։
Գիտաժողովի ծրագիրն այստեղ